Մատչելիության հղումներ

Պատասխանատուները հուսով են, որ նոր կառավարությունը ավելի մեծ ուշադրություն կհատկացնի Գյումրիում սպորտի զարգացմանը


Գյումրեցի մարզիկներն այս տարի ևս բավականին լուրջ հաջողություններ են գրանցել՝ 395 մեդալ, որից 70-ը միջազգային մրցումներից:

Գյումրիի քաղաքապետն այսօր պարգևատրեց տարբեր սպորտաձևերում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին:

Չնայած գրանցած հաջողություններին, Գյումրիում դեռ կան տարրական պայմաններից զուրկ մարզադպրոցներ: Մինչև օրս չի նորոգվել ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզդպրոցը, թեև իշխանությունները վերջին 5 տարիներին անընդմեջ խոստացել են գործը գլուխ բերել:

Դպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանի փոխանցմամբ, նախագիծն ու նախահաշիվը պատրաստ են, մնում է, որ այն ընդգրկվի հաջորդ տարվա բյուջեում ու 370 մլն դրամը հատկացվի․ - «2017 թվականին նախագծանախահաշվային աշխատանքներ կատարվեցին, ավատվեցին 2017 թվականի հոկտեմբեր ամսին, ներկայացվեց կառավարություն և դեռ էդպես մնում էր: Էս պահի դրությամբ միայն նորից նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի՝ «Լուրերին» տված ինֆորմացիային եմ տեղյակ, որ հաջորդ տարվա մեջ պիտի վերանորոգման աշխատանքները սկսվեն․․․ Հուսանք, որ լավ կլինի: Էս պահի դրությամբ ոչինչ չի արված, որևիցե այլ ինֆորմացիա ես չգիտեմ»:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ զրուցել է Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ, և կարծես թե դպրոցի վերանորոգման հարցը հաջորդ տարի լուծվելու է․ - «Մի հատ հաջողություն կունենանք նաև Արթուր Ալեքսանյանի դպրոցի վերանորոգման հետ կապված: Ոնց որ թե ստացվում է: Տեսնենք ոնց կլինի բյուջեի կողմից հաստատված գումարը, որպեսզի էդ պարտքը քաղաքին տան: Պետությունը հինգ տարի է խոստանում է, բայց չի տալիս»:

Քաղաքապետը կատակեց, թե վատ դահլիճներից են օլիմպիական չեմպիոններ ծնվում:

Գևորգ Ալեքսանյանը համամիտ չէ․ - «Ես էդ տեսակետը միայն ընդունում եմ որպես հումորային, որովհետև, իմ կարծիքով, աշխատող մարզիչների, աշխատող մարզիկների համար, ճիշտ է, լավ պայմաններում շատ լավ է աշխատել, բայց մարդիկ կան, որոնք հենց իրոք նվիրյալներ են, իրենք ձգտում են հասնել բարձր արդյունքների՝ անտեսելով էդ պայմանները»:

Մարզադպրոցներ մեծ մասը քաղաքապետարանի ենթակայության տակ է: Տեղական բյուջեով սպորտդպրոցներ հիմնանորոգելը հնարավոր չէ: Քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանի խոսքով, սահմանափակվում են մասնակի վերանորոգումներով․ - «Աշխատանքները շատ մեծ են ու գլոբալ ու շատ ծախսատար: Համայնքի հնարավորությունը թույլ չի տալիս այդպիսի մեծ աշխատանքներ կատարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG