Մատչելիության հղումներ

Ծանրամարտի ԵԱ բացման ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը. ադրբեջանցի մարզիկները լքեցին առաջնությունը


Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում ադրբեջանական դրոշն այրելու միջադեպից հետո Բաքուն որոշել է հետ կանչել իր մարզիկներին Երևանից՝ տեղի ունեցածը գնահատելով «բարբարոսական ակտ» ու «ադրբեջանատյացության դրսևորում»։

Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել են, թե նման պայմաններում ադրբեջանցի մարզիկների անվտանգությունն ապահովված չէ, և առաջնությանը նրանց նորմալ մասնակցությունն անհնար է։

Ի պատասխան՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է, որ երեկվա միջադեպն առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգիչ է մարզական էթիկայի տեսանկյունից։

«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ», - ընդգծել է նախարարությունը։


Ադրբեջանի դրոշի հետ միջադեպը եղել է երեկ երեկոյան, երբ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը այն խլեց ու մասամբ այրեց։


Նիկոլյանը դեպքից հետո բերման է ենթարկվել ու կարճ ժամանակ անց բաց թողնվել։ Դեպքի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել։ Նիկոլյանն ավելի ուշ սոցիալական ցանցում պնդել է, թե գնացել է այդ քայլին, որպեսզի ցույց տա, որ հայերը «չեն հարմարվում ինչ-որ սիտուացիաների»:

Ազգային ատելություն և թշնամանք հրահրելու և Ադրբեջանի պետական դրոշն անարգելու հոդվածներով քրեական գործ է հարուցել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արամ Նիկոլյանին ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու համար դիմումներ են ուղարկվելու արտասահմանյան երկրներին և համապատասխան մարմիներին ու միջազգային կազմակերպություններին։

Մեղադրելով կազմակերպիչներին՝ տեղի ունեցածը դատապարտել է նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ պահանջելով պատժել մեղավորներին:


Երևանից երեկվա դեպքին անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի առաջնության կազմակերպումը ղեկավարող Արայիկ Հարությունյանը։ «Ամեն դետալ քննարկել էինք, հաշվի էինք առել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը՝ հավելելով. - «Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, ու տեղի ունեցավ այս միջադեպը: [....] Պետությանը, այո՝ հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին»։

Տգեղ միջադեպ էր, «Ազատության» հետ զրույցում ասաց սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը, բայց շեշտելով՝ մասնակցությունից հրաժարվել պետք չէր:

«Միջադեպը իսկապես տգեղ էր, սպորտային չէր, սա սպորտային միջոցառում է: Մենք ուժեղացնում ենք մեր թշնամիներին այսպիսի արարքով: Իսկ ընդհանրապես՝ ոչ իհարկե, որովհետև Ադրբեջանի պատվիրակության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունը ապահովել էր ամբողջապես, նրանց որևէ վտանգ չէր սպառնում, և դա էին պատմում նաև իրենք՝ պատվիրակության անդամները, ում հետ ես անձամբ երեկ գիշերը զրուցել եմ. շատ շնորհակալ էին, շատ ապահով էին զգում, և որևէ խնդիր չկար: Ուղղակի սա պատրվակ էր, որ իրենք առիթը բաց չթողեցին, օգտագործեցին ու լքեցին Եվրոպայի առաջնությունը», - հայտարարեց Գիլոյանը:

Երևանը հայտ է ուղարկել հյուրընկալելու նաև ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը։ Փոխնախարարի խոսքով՝ այս միջադեպը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա: «Մինչև միջադեպը մենք 99 տոկոսով արդեն ունեինք աշխարհի 24 թվականի առաջնության անցկացնելու իրավունքը, ապա հիմա այդ տոկոսը էականորեն նվազել է, և արդեն ես չգիտեմ՝ մեզ կտա՞ն, թե՞ չեն տա անցկացնելու իրավունքը», - ասաց Կարեն Գիլոյանը:

Շաբաթ օրը հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան՝ խստորեն դատապարտելով Երևանում տեղի ունեցածը և լիակատար համերաշխություն հայտնելով Ադրբեջանի պատվիրակությանը:

Երեկվա միջադեպի մասին «Ազատությանը» հանդիպած երևանցիների կարծիքները խիստ տարբեր են։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն այսօր է մեկնարկում և կավարտվի ապրիլի 23-ին:

XS
SM
MD
LG