Մատչելիության հղումներ

«Հայաստանի ժողովրդին պատճառած հաղթանակի զգացողությունը, կրկնակի ավելի մեծ արժեք ունի». Փաշինյանը՝ տիտղոսակիր մարզիկներին


Հետպատերազմական այս շրջանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ շատ կարևոր է, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամների և մարզիչների հետ հանդիպմանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը ասել է. «Ընդհանրապես սպորտը սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի, պետության վստահության շատ կարևոր վկայություն է և շատ կարևոր է ազգի, ժողովրդի տաղանդը և հնարավորությունները բացահայտելու համար, որովհետև, համոզված եմ՝ ձեր օրինակով բազմաթիվ մարդիկ ոգևորվում են»:

Վարչապետի պաշտոնակատարը կարծիք է հայտնել, թե ընդհանրապես սպորտը, հաղթանակները, կամ հաջողությունները և անհաջողություններն արտահայտում են այն խորքային պրոցեսները, որոնք երկրում տեղի են ունենում:

«Այս առումով մենք մեր բոլոր ռազմավարություններում սպորտին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Նույնիսկ մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարություն ենք ընդունել, որտեղ խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է ունենա առնվազն 25 ոսկե օլիմպիական մեդալ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Կարևոր է այս նշաձողերը դնել և այսօրվանից աշխատել այդ նշաձողերը հաղթահարելու համար: Իհարկե, մենք հասկանում ենք, որ սրա համար էական է սպորտի ֆինանսավորումը, մարզական ենթակառուցվածքների ձևավորումը և մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացնում ենք», - նշել է Փաշինյանը:

Հայաստանում, ըստ վարչապետի պաշտոնակատարի, ուսանողական սպորտը շատ լուրջ պրոբլեմներ ունի. «Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե այս պայմաններում այս հաջողությունները մենք ունենք, եթե մեր ենթակառուցվածքները, ֆինանսավորումը և մնացած պայմաններն այլ լինեն, մենք, իսկապես այն, ինչ ասում ենք՝ 25 օլիմպիական մեդալ, այդ դեպքում ո՛չ կասկած, ո՛չ էլ ժպիտ կհարուցի, այսինքն՝ դա կլինի խնդիր, որը բոլորս կհամարենք լուծելի»:

«Հիմա առնվազն 2 նախագիծ ունենք, երբ մեր նշանավոր և հաջողությունների հասած մարզիկների անուններով արդեն մարզադպրոցներ ենք ստեղծում՝ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի նախագիծն արդեն պատրաստ է: Եվ մենք, այո, պետք է պայմանով սկսենք մրցույթ անել, թող շահի, հետո արդեն ֆինանսավորումը կբացենք: Ջրառատում է կառուցվելու դպրոցը: Հույս ունեմ, որ բոլորիդ անուններով դպրոցներ կառուցելու առիթ կունենանք, օլիմպիական մեդալներ նույնպես կնվաճեք և մեր ռազմավարական խնդիրները կլուծենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչները կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ ձեռքբերումները գնահատելու, առկա խնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումները համատեղ քննարկելու տեսանկյունից:

Ընդգծելով, որ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը բարձր են գնահատում հայ մարզիկների հաջողությունները միջազգային մրցաշարերում՝ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ դրանց արագ լուծում տալու և այս տարի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին հավուր պատշաճի պատրաստվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG