Մատչելիության հղումներ

Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը մարզվում է անմխիթար վիճակում գտնող մարզադպրոցում


Գեղակերտի մարզադպրոցը շուրջ 40 տարի չի վերանորոգվել։ Մարզական գույքն այստեղ չի թարմացվել խորհրդային ժամանակներից ի վեր, հանդերձարանները անմխիթար վիճակում են, շենքն էլ չի ջեռուցվում։ Այս պայմաններում է արդեն 12 տարի մարզվում վերջերս Եվրոպայի ծանրամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճած 22-ամյա Կարեն Ավագյանը։

«Ամբողջ զալում կա ընդամենը մի ծանրաձող, որ նորմալ պտտվում է, եթե նույն ժամին գամ ես ու իմ պես էլի սպորտսմեն, կլինի Անդրանկը Կարապետյան, կլինի Կարենը Մարգարյան, էն մարզիկները, որոնք որ անպայման պիտի նորմալ մարզվեն, չի լինի, հարմարությունը, պրիմիտիվ ծանրաձողը մեզ մոտ չկա։ Մի քանի պետքական սարքեր կան, որ անձամբ ես եմ պատրաստել տվել՝ հայրս, եղբայրս հա՛մ մարզադպրոցի համար, հա՛մ առաջին հերթին իմ։ Ճիշտ է ստանդարտներին դժվար համապատասխանի, հարմարեցրել ենք ինչքան որ կարող ենք։ Ամբողջ մի պետության համար մի քիչ նաև ամոթել է, որ էդ պրիմիտիվ բաները, էսքան տարիների ընթացքում չկան, չեն կարողացել մարզադպրոցներ ստեղծեն, որ մարզիկները կարողանան մարզվեն ինչպես որ հարկն է։ Ձողեր ունենք, որ սովետի ժամանակվա է», - ասաց Ավագյանը:

«Մարզվում ենք այն հույսով, որ մի օր պետությունը ուշադրություն կդարձնի», - ասում է մարզադպրոցի տնօրեն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը։ Մարզադպրոցում շուրջ 150 մարզիկ է մարզվում։ Ձմռանը տեղափոխվում են փոքր դահլիճ, որը ստիպված են վառարանով տաքացնել։

«Ոչ մի անգամ պարապմունքներից հետ չենք ընկել անգամ էս պայմաններում, եթե ձմռանը գաք կտեսնեք, որ տանիքից էլ է կաթում։ Այս մարզադպրոցը տվել է օլիմպիական մեդալակիրներ, աշխարհի մեդալակիրներ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն», - ներկայացրեց մարզիչը:

«Ամեն անգամ մարզադպրոցը նոր չեմպիոններ է տալիս, հուսալով, որ պետությունը դպրոցին կանդրադառնա», - ասում է մարզիչը, - «Այստեղ մի փոքր աջակցություն է պետք, մենք չենք ասում, որ միանգամից բերեն սաղ սարքեն: Տանիքը փոխեն, մի հատ ջեռուցման հարց լուծեն, թող ընթացքում լինի, թող 2-3 տարում լինի, բայց ինչ-որ մի փոփոխություն լինի էլի, որովհետև ամեն անգամ ստեղից աշխարհի, Եվրոպայի չեմպիոն երբ որ լինում է, երեխաների հոսքը շատանում է, բայց մենք պայմաններ չունենք, չենք կարողանում այդ պայմաններին ավելի շատ երախաներ ընդունել, լիարժեք անցկացնել մարզումները, դրա համար անհրաժեշտ են այդ պայմանները մեր երկրի համար»:

«Իսկապես այսօր դպրոցների վիճակը ծայրահեղ ծանր է, շատ վատ է ջեռուցման վիճակը, հանդերձարաններն են անմխիթար վիճակում, ցնցուղ չկա», - ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Կարճ ասած՝ պայմանները իսկապես վատն են, ասում է սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տանում դրանք բարելավելու ուղղությամբ։ Այս պահին նախարարության ենթակայության տակ գտնվող 26 մարզադպրոցներում ուսումնասիրություններ են կատարում, գրանցում խնդիրներն ու պայմանները։

«Խնդիրը պարզ է՝ բարելավել պայմանները, խնդիրը հասկանալի է, եթե մենք չունենք բարվոք, լավ մարզադպրոց, եթե մենք չունենք մարզվելու պայմաններ, ավելորդ է խոսել արդյունքների մասին։ Դրա համար էլ պիտի հնարավորինն անենք, որ այդ պայմանները բերվեն բարվոք վիճակի», - նշեց Գիլոյանը։

Փոխնախարարն ասաց նաև՝ առաջիկա շաբաթների ընթացքում մարզադպրոցներին կտրամադրվի նոր օլիմպիական չափանիշներին համապատասխանող 25 ծանրաձող. «Հատկապես այն մարզօջախներին, որտեղ մարզվում են մեր օլիմպիական հույսերը, մեր առաջատարները, սա առաջին փուլն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG