Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ալիևի հաղթանակների փոխարեն կոռուպցիայի մասին գրող ԶԼՄ-ի դեմ բռնաճնշումները թափ են հավաքում


Ադրբեջանում եզակի անկախ լրատվամիջոցի նկատմամբ իշխանությունների բռնաճնշումները թափ են հավաքում։ Իրավապահները ևս երկու լրագրողի են ներգրավել անցած օրերին կալանավորված Abzas Media ղեկավարների դեմ քրեական գործերում։ Կայքի թղթակիցներ Նարգիզ Աբսալամովան և Սահիլա Ասլանովան առայժմ վկայի կարգավիճակ ունեն։

Ադրբեջանի նախագահի և նրա շրջապատի ունեցվածքի մասին հետաքննական նյութերով հայտնի կայքի երեք աշխատակիցներ՝ Abzas Media ղեկավար Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզին և լրատվամիջոցի հետ համագործակցող հանրային ակտիվիստ Մուհամեդ Կեկալովն անցած օրերին ձերբակալվել և երեքն էլ մոտ չորսամյա նախնական կալանքի են ենթարկվել։

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։

Abzas Media -ն կտրականապես հերքում է մեղադրանքները, պնդում, որ իրենց նկատմամբ բռնաճնշումների ետևում անձամբ նախագահ Ալիևն է կանգնած, որի ապօրինի եկամուտների մասին թերթը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել։ Քրեական հետապնդումների ենթարկվող լրատվամիջոցի խմբագրակազմի համոզմամբ՝ իշխանությունը փորձում է լռեցնել իրենց:

«Մենք երկրի նախագահի և նրա կողմից նշանակված պաշտոնյաների կոռուպցիոն հանցագործությունների մասին հետաքննությունների շարք ենք հրապարակել և ենթադրում ենք, որ Հասանլիի ձերբակալությունn այդ հակակոռուպցիոն հետաքննությունների հետ է կապված», - ասվում է Abzas Media-ի խմբագրության հայտարարությունում։

Ինքը Հասանլին փաստաբանի հետ զրույցում, որը ձայնագրվել է և հրապարակվել, պատմել է, որ ոստիկանությունում իրեն հարցրել են՝ ինչո՞ւ Abzas Media-ն չի փառաբանում Բաքվի ռազմական հաջողությունները, չի գրում Լեռնային Ղարաբաղի մասին, փոխարենը կենտրոնանում է կոռուպցիայի վրա:

Լեռնային Ղարաբաղի մասին Abzas Media -ն գրել էր՝ 2022 թվականին մի հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում և Բաքվի վերահսկողության տակ անցած մյուս տարածքներում բազմամիլիոնանոց նախագծերի իրականացման ոչ-թափանցիկ մրցույթներում հաղթող են ճանաչվել հիմնականում Իլհամ Ալիևի դուստրերի և այլ ադրբեջանցի ազդեցիկ պաշտոնյաների անվան հետ կապվող ընկերություններ։

Ադրբեջանական HamamTimes օնլայն պարբերականը, սակայն, Abzas Media -ի նկատմամբ ճնշումները պետական լրատվամիջոցների կողմից «ամերիկյան լրտեսների» դեմ արշավի հետ է կապում, ինչը տեղի է ունենում Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Ադրբեջանի իշխանությունները Միացյալ Նահանգներին կողմնակալության մեջ են մեղադրել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայանը հայտարարեց, որ Ղարաբաղի դեմ հարձակումից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունները հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։

Վաշինգտոնի հասցեին Բաքվի կոշտ հայտարարություններին զուգահեռ, երկրի պետական լրատվամիջոցները՝ այդ թվում գլխավոր քարոզչական ալիքը՝ AzTV -ն հայտարարեց, թե երկրի ներսում ամերիկյան «լրտեսների ցանց» է գործում, որը պետք է մաքրվի:

«Այժմ Ադրբեջանը, որպեսզի ամրապնդի իր հաջողությունները ռազմաճակատում, պետք է հաղթի ԱՄՆ-ի հակաադրբեջանական քաղաքականությանը, որի նպատակն է մուտք գործել Հարավային Կովկաս», - ասվում է Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ռեպորտաժում։

Նույն հռետորաբանությամբ իշխանամետ Report կայքն ակտիվիստների ցանկ է հրապարակել, որոնք, լրատվամիջոցի պնդմամբ, ներգրավված են եղել Ադրբեջանում «ԱՄՆ-ի վնասարար գործողություններում»: Այս լրատվամիջոցը նաև իրավապահների թիրախում հայտնված Abzas Media-ի անունն է նշել և հավելել, թե կայքի այժմ կալանավորված աշխատակիցները Վաշինգտոնի հրահանգով Ադրբեջանում քարոզում են «ծայրահեղական ֆեմինիզմ» ։

Խոսքի ազատության առումով աշխարհի ետնապահներից մեկը համարվող Ադրբեջանում լրագրողների դեմ հետապնդումների հերթական ալիքը դատապարտել են տասնյակ առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ:

«Ուլվի Հասանլիի ձերբակալությունը կառավարության քննադատների ձերբակալությունների շարքից է, որի նպատակն է ճնշել այլախոհությունը», - հայտարարել է Amnesty International-ը։

Ադրբեջանում, տեղական իրավապաշտպանների գնահատականներով, հոկտեմբեր ամսվա դրությամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ կա, նրանց մի մասը ճաղերի ետևում է հայտնվել վերջին մի քանի ամսվա ընթացքում։

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն ահազանգում են՝ քաղբանտարկյալների թվի ավելացման միտում են տեսնում, կոչ անելով Բաքվի միջազգային գործընկերներին՝ ՄԱԿ-ին, Ադրբեջանն իր հուսալի գործընկերը համարող Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կառույցների «վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացումը»:

Ադրբեջանում Ալիևի հաղթանակների փոխարեն կոռուպցիայի մասին գրող ԶԼՄ-ի դեմ բռնաճնշումները թափ են հավաքում
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG