Մատչելիության հղումներ

Բաքուն շարունակում է հակաամերիկյան հռետորաբանությունը


Հայաստան - USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը Գորիսում հանդիպում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, 26-ը սեպտեմբերի, 2023թ.
Հայաստան - USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը Գորիսում հանդիպում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, 26-ը սեպտեմբերի, 2023թ.

Բաքուն շարունակում է հակաամերիկյան հռետորաբանությունը՝ այս անգամ թիրախավորելով ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ով նախօրեին հայտարարել էր Վաշինգտոնի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին լրացուցիչ 4 միլիոն դոլար հատկացնելու մասին։

«Դիմակը պատռված է։ USAID-ն այլևս տեղ չունի Ադրբեջանում», - արձագանքելով ամերիկացի պաշտոնյայի հայտարարությանը` X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնահական Հիքմեթ Հաջիևը, չմանրամասնելով՝ ինչ քայլերի է պատրաստվում Բաքուն։

1991 թվականից ի վեր այդ կառույցն Ադրբեջանում 431 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ ադրբեջանցիներին աջակցելու առողջապահական ոլորտի և տնտեսական բարեփոխումներում։

Որևէ կերպ չանդրադառնալով այդ կազմակերպության գործունեությանը՝ Ալիևի օգնականը կառույցի ղեկավարի հասցեին է մի շարք կոշտ արտահայտություններ արել, մասնավորապես՝ նրան մեղադրել ադրբեջանատյացության, թուրքատյացության մեջ, մատնանշել Սամանթա Փաուերի համագործակցությունը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ:

Այսքանով Ադրբեջանի արձագանքը չսահմանափակվեց։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն էլ հայտարարեց, թե Սամանթա Փաուերը երկակի ստանդարտներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ, Արցախից հայերի տեղահանության մասին ամերիկացի պաշտոնյայի դիտարկումները որակելով «անհիմն ու անարդար»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի գնահատմամբ՝ ավելի քան 100 հազար հայերի հեռացումն իրենց պատմական հայրենիքից ոչ թե բռնի տեղահանություն, այլ «միգրացիա» էր:

Երեկ էլ Ադրբեջանի օրենսդիր մարմինն էր միացել հակաամերիկյան արշավին՝ լիագումար նիստին ընդունելով մի հատուկ փաստաթուղթ, որում Ալիևի կուսակիցները ոչ միայն կասկածի տակ են դրել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնի միջնորդական դերը, այլև քննադատել են ընդհանուր առմամբ ամերիկյան դիվանագիտությունը։ Ադրբեջանցի խորհրդարանականների գնահատմամբ՝ գերտերության արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին «լիակատար ձախողվել է»։

Վաշինգտոնից չեն արձագանքել ինչպես այս, այնպես էլ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանից ԱՄՆ պաշտոնյաների հասցեին հնչող մեղադրանքներին ու հակաամերիկյան հայտարարություններին։

Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ սրվել են անցած շաբաթ, երբ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայանը հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։

Դիվանագետը նշել էր նաև, թե հենց այդ պատճառով չեղարկել են մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։

Նույն օրը ԱՄՆ Սենատն ընդունեց նաև հայերի պաշտպանության ակտ, որն օրենք դառնալու դեպքում արգելք կդառնա Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան հստակ հայտարարեց՝ Վաշինգտոնին այլևս անկեղծ միջնորդ չի համարում։

Մինչ այդ էլ Բաքուն կասկածի տակ էր դրել Ֆրանսիայի անկեղծությունը և հրաժարվել նախագահ Մակրոնի մասնակցությամբ հանդիպումից:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու փորձագետները առայժմ միայն քննադատում և կոշտ մեղադրանքներ են հնչեցնում Միացյալ Նահանգների հասցեին, խուսափելով գնահատել՝ ինչ ազդեցություն կունենա Բաքվի այս դեմարշը երկու երկրների համագործակցության վրա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG