Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նոր բռնաճնշումներ անկախ մնացած լրատվամիջոցի դեմ՝ մեղադրանքներ, խուզարկություններ, ձերբակալություններ


Ադրբեջանում շարունակվում են Abzas Media անկախ լրատվամիջոցի աշխատակիցների՝ երեկվանից սկսված հարցաքննությունները, խուզարկությունները, ձերբակալությունները։ Գիշերվա ընթացքում Բաքվի օդանավակայանում, երբ ուղևորները դուրս էին գալիս արտասահմանից ժամանած օդանավից, հենց տրապի մոտից բերման է ենթարկվել Abzas Media-ի առցանց տարբերակի խմբագիր Սևինջ Վագիֆգըզին։

Գիշերվա ժամը 3-ի սահմաններում Վագիֆգըզիին իր տուն են տարել, որտեղ նրա ու նրա փաստաբանի ներկայությամբ խուզարկություն է կատարվել։ Այսօր վաղ առավոտյան խուզարկությունն ավարտվել է, և խմբագրին տարել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն։

Կասկածյալի կարգավիճակով Վագիֆգըզիին 48 ժամ պահելու որոոշում է ընդունվել։ Այսօր երեկոյան դատարանը լսելու է նրան կալանելու դատախազի միջնորդությունը։ Խմբագրին մեղադրանք է առաջադրվել արտարժույթի մաքսանենգություն հոդվածով։

Abzas Media-ի տնօրենին ևս նույն մեղադրանքն է առաջադրված, որը 7-10 տարի ազատազրկում է նախատեսում։ Նրանք երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։

Վագիֆգըզիի գործընկերների ասելով՝ բերման ենթարկելու ժամանակ նա ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել։

Կին լրագրող Սևինջ Վագիֆգըզին Ադրբեջանում հայտնի է պաշտոնյաների կոռուպցիոն գործերի հետաքննություններով։

Փաստաբանի ասելով՝ խուզարկության արդյունքում անօրինական ոչինչ չի հայտնաբերվել։ Իսկ լրագրողն ասել է, որ այդ բոլոր իրադարձությունները կապված են իր լրագրողական գործունեության և Abzas Media-ի հետաքննությունների հետ։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ քաղաքացիական հագուստներով մարդիկ, ենթադրաբար՝ ոստիկաններ, տնից բերման են ենթարկել ակտիվիստ Մուհամադ Քեկալովին։ Նրա եղբոր ասելով՝ խուզարկության կամ բերման ենթարկելու դատարանի որևէ որոշում չի ներկայացվել։ Ակտիվիստին տնից ուժով տարել են՝ առգրավելով նաև նրա անձնական իրերը, այդ թվում՝ համակարգիչը։

Մուհամադ Քեկալովը զբաղվում էր փոքրամասնությունների, ինչպես նաև շարժվելու սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։

Քեկալովի փաստաբանը զանգահարել է ներքին գործերի նախարարության թեժ գծի համարով, Բաքվի ոստիկանություն, մարդու իրավունքների պաշտպանին, բայց երկրորդ օրն է չի կարողանում պարզել ակտիվիստի պահման վայրն ու նրա կարգավիճակը։

Նոր բռնաճնշումների ալիքը սկսվեց երեկ առավոտյան, երբ ձերբակալվեց Abzas Media-ի ղեկավար Ուլվի Հասանլին։ Իրավապահները նրան արդեն մեղադրանք են առաջադրել արտարժույթի մաքսանենգության հոդվածով։

Ոստիկանությունը խուզարկել է Հասանլիի բնակարանը և նրա գլխավորած խմբագրությունն ու պնդում է, որ գրասենյակում 44 հազար դոլար կանխիկ գումար է հայտնաբերվել, ենթադրվում է, որ նախաքննական մարմինը սա ներկայացնելու է որպես մեղադրանքի հիմնական ապացույց։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Հասանլին իրեն մեղավոր չի ճանաչում, առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն։

Ուլվի Հասանլին ձերբակալվել է արտերկիր մեկնելուց ժամեր առաջ։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը խորը մտահոգություն են հայտնել Ուլվի Հասանլիի ձերբակալության կապակցությամբ։

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը «Թուրան»-ի վաշինգտոնյան թղթակցին ասել է, թե խորապես մտահոգված են լրագրող Ուլվի Հասանլիի ձերբակալության տեղեկատվության և անազատության մեջ գտնվելու ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվելու պնդումների կապակցությամբ։ «Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում պաշտպանել բոլորի իրավունքներն ու ազատությունները՝ ներառյալ կարծիք արտահայտելու ազատությունը», - «Թուրան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասել է Միլլերը։

Amnesty International-ը նշում է, որ Հասանլին ավելի քան տասը տարի Ադրբեջանի քաղաքացիական շարժման ընկերակցության (NIDA) ակտիվիստներից էր, իշխանությունների կողմից բազմիցս ենթարկվել է հետապնդումների։ 2018 թվականին նրան բանակ են զորակոչել ու ծառայության ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ չնայած առողջական վատ վիճակին։ 2021-ին կարճ ժամկետով կալանքի տակ է եղել՝ արդեն որպես հետաքննող լրագրող։ Հաջորդ տարի նա այն երեք լրագրողներից մեկն էր, որ վիճարկում էին մամուլի ոլորտին վերաբերող նոր օրենսդրությունը, որը զանգվածային լրատվամիջոցներին պարտադրում է գրանցվել պետական ռեեստրում, այլապես նրանց փակվել է սպառնում։ Անցած տարի նա հաղորդում էր Սոյուդլուի բողոքի ակցիաների մասին, որոնց ընթացքում ոստիկանությունը տեղի բնակիչներից բացի առնվազն վեց լրագրողի՝ այդ թվում Հասանլիի դեմ բռնություն էր կիրառել կամ խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։

Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով ուսումնասիրող Նատալյա Նոզաձեն հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես նշված է․

«Որպես Abzas Media-ի տնօրեն՝ Ուլվի Հասանլին խիզախորեն բացահայտում էր Ադրբեջանի վերին էշելոնների կոռուպցիոն մեղադրանքները և լուսաբանում հանրության համար հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր։

Մենք խորապես մտահոգված ենք տեղեկություններով, որ Ուլվի Հասանլին կալանքի տակ ենթարկվել է ծեծի կամ այլ կոպիտ վերաբերմունքի։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հայտնեն նրա գտնվելու վայրը, իրավական կարգավիճակը և անհապաղ ապահովեն փաստաբանի հասանելիությունը, որին նա ինքն է ընտրել։ Ուլվի Հասանլիի ձերբակալությունը տեղավորվում է իշխանություններին քննադատողներին ձերբակալելու սխեմայի մեջ՝ ճնշելու համար այլախոհությունը»։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Abzas Media-ի տնօրենին և թույլ տան ազատ աշխատել անկախ լրատվամիջոցներին։

«Գործողությունը Abzas Media-ի գրասենյակի դեմ, որն ադրբեջանական սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից է, որ դեռ համարձակվում է հետաքննել չինովնիկների կոռուպցիան, և դրա տնօրեն Ուլվի Հասանլիի ձերբակալությունը հաշվեհարդար է այդ լրատվամիջոցի նորարարական լրագրության համար», - նշված է հայտարարությունում։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն մեկնաբանություն ստանալու նպատակով հարցումներ է ուղարկել Բաքվի ոստիկանության վարչություն, Ադրբեջանի ներքին գործերի նախարարություն և երկրի նախագահի աշխատակազմ, բայց որևէ պատասխան չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG