Մատչելիության հղումներ

Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովում հայտարարեց, որ էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում։

«500 հազարն Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360 հազարը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է», - ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ ավելի վաղ էլ հայերը ստիպված էին լքել Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ տարածքներ. «2020 վականի 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26 հազար հայ լքել է Լեռնային Ղարաբաղը: Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 հազար հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ Երևանը միջազգային հանրությանը զգուշացնում էր այս հեռանկարի մասին՝ հատկապես Լաչինի միջանցքի արգելափակումից հետո։

«Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ։

Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG