Մատչելիության հղումներ

Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու հարցով աշխատանքները ՀԱՊԿ-ում «շարունակվում են»


ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Հայկական կողմը չի մասնակցում վաղը և հաջորդ օրը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, այս ֆոնին կառույցի քարտուղարությունը հայտարարեց, որ Երևանը դիմել է՝ հանելու Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը նիստի օրակարգից, միևնույն ժամանակ հավելելով, թե «շարունակվում են Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու աշխատանքները»։

Երևանի դիմումը ՀԱՊԿ-ի նիստի օրակարգից հանելու մասին երեկ գագաթնաժողովը հյուրընկալող Բելառուսի նախագահին զեկուցել էր նաև դաշինքի գլխավոր քարտուղարը։

«Անցած տարվա նոյեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի [Երևանում] կայացած նիստի 34 որոշումներից կյանքի չեն կոչվել միայն երկուսը։ Դրանցից մեկը խորհրդի՝ Հայաստանին տրամադրվող օժանդակության մասին որոշման վերախմբագրումն էր։ Հայկական կողմը, չնայած այն հանգամանքին, որ մյուս բոլոր դաշնակիցները աջակցել էին այս որոշմանը, որևէ հետաքրքրություն այդ փաստաթղթի հանդեպ չէր ցուցաբերում։ Ավելին՝ փաստաթղթի վրա տարվող աշխատանքների ավարտական փուլում նրանք ընդհանրապես խնդրեցին այն հանել օրակարգից», - ասել էր Իմանգալի Տասմագամբետովը։

Հայաստանի արտգործնախարությունն արդեն երկրորդ օրն է չի մեկնաբանում այս զարգացումները։ Նաև պարզ չէ՝ արդյոք Երևանը ադրբեջանական հարձակումից ավելի քան մեկ տարի անց պատրա՞ստ է ընդունել ՀԱՊԿ-ի դիտորդներին, թե՞՝ ոչ:

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել էր անցյալ տարվա սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումներից հետո՝ երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ, ինչպես հայտնել էր կառավարությունը։ Դրանից հետո արդեն անցյալ տարվա նոյեմբերին ՀԱՊԿ-ի Երևանում անցկացված նիստի ընթացքում Հայաստանի աջակցության փաստաթուղթն այդպես էլ չընդունվեց: Երևանը կազմակերպությունից ակնկալում էր քաղաքական գնահատական։

«Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար», - անցյալ տարի նոյեմբերին հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Իսկ հիմա՝ մեկ տարի անց, պարզվեց՝ հայկական կողմը որոշել է հետ կանչել փաստաթուղթը։ Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Հակոբ Արշակյանի կարծիքով՝ պատճառն այն է որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը չի փոխվել։

«Փաստաթղթի չստորագրումն էր դրանով պայմանավորված, այսինքն՝ կոնսենսուսով չընդունվելը, որ անհրաժեշտ է արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը: Եվ ցավոք սրտի, այդ տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը՝ իր սահմաններով, չի արձանագրվել, և դա է խնդիրը, որ ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ, և սրա մասին բաց խոսվել է, այսինքն՝ այս հարցերը էդտեղից են առաջացել, և նույնն է պատճառը», - լրագրողների հետ զրույցում ասաց Արշակյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հստակ է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մակարդակը բավականին իջեցրել է, ինչը նշանակում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխություն։

«Կրկնում եմ՝ ռազմաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ բավականին բարդ իրավիճակ է ստեղծված, և այս տեսանկյունից՝ մեր դերում գտնվող երկրները պետք է ձգտեն հնարավորինս արտաքին անվտանգության բաղադրիչը ապահովել, այսինքն՝ առավելագույն գործընկերներ ձեռք բերել նման իրավիճակներում գործելով, և փորձել նվազագույնին հասցնել այն երկրների հետ խնդիրները, որոնք մեր համար նաև անվտանգության տեսանկյունից խնդիր են», - ասաց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանի՝ արտաքին անվտանգային գործընկեր կորցնելու մտահոգությունը չի կիսում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ «անվտանգությունը միայն պայմանագրերը չեն, այլ՝ սպառազինությունը, համագործակցությունը և այլն»։

ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց բացի, ամիսներ առաջ Հայաստանը հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ապա ետ կանչեց իր դեսպանին և մինչ օրս նորին չի նշանակել, իսկ տարեսկզբին մերժեց հյուրընկալել ռազմական դաշինքի զորավարժությունները:

Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու հարցով աշխատանքները ՀԱՊԿ-ում «շարունակվում են»
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG