Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը դեմարշ չէ. Գևորգ Պապոյան


Մոսկվայի հերթական կոշտ քննադատությունից հետո Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չի մասնակցի վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելիք ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։

Լուրը հաղորդեց «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակին։ Չմասնակցելու պատճառները, սակայն, չհաղորդվեցին։ Ողջ օրվա ընթացքում խոսնակից չհաջողվեց ճշտել դրանք, հեռախոսազանգերին ու նամակին Տաթևիկ Պետրոսյանը չարձագանքեց։

Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել Արմեն Գրիգորյանի մասնակցությունը Մալթայում Ուկրանիայի առաջարկած «խաղաղության բանաձևի» քննարկմանը։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Գևորգ Պապոյանի կարծիքով՝ Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը դեմարշ չէ. - «Եթե չկա Հայաստանին վերաբերող օրակարգ կամ հարցեր, որոնք Հայաստանը բարձրացնում է, և այնտեղ քննարկման չպիտի դառնան, ենթադրում եմ, որ նման մասնակցությունը ուղղակի զուտ տեխնիկական պատճառներով կարող է ոչ նպատակահարմար համարվել»

Հայ-ռուսական լարվածության պայմաններում Արմեն Գրիգորյանը հայաստանցի միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ չի մասնակցում Ռուսաստանի առաջնորդած կառույցների հանդիպումներին, վարչապետն այս տարի ԱՊՀ գագաթնաժողովին չգնաց, պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ ու ԱՊՀ պաշտոնակիցների հավաքին։ Պատճառները, սակայն, չհստակեցվեցին։ ՀԱՊԿ զորավարժություններին էլ Հայաստանն այս տարի չմասնակցեց։

Վերջին շրջանում Երևանն ու Մոսկվան կոշտ հայտարարություններից զատ նաև կոնկրետ քայլերի են անցել, այդ թվում՝ բողոքի նոտաների փոխանակման։


Իշխանական պատգամավոր Գևոգ Պապոյանը չի բացառում, որ հայտարարություններին նաև տնտեսական ու քաղաքական ճնշումներ կարող են հետևել, բայց հիմք չի տեսնում. - «Աննա Հակոբյանը գնացել է Կիև, հանդիպել է և մի քանի երեխաների մի քանի նվեր է տվել։ Ադրբեջանն ինքնաթիռներով ռազմական և տնտեսական ինչ աջակցություն ասես չի ցուցաբերում Ուկրաինային։ Էդ ո՞նց եղավ։ Կարո՞ղ է պատճառը նա է, որ Ադրբեջանի վրա Ռուսաստանն ընդհանրապես այլևս ազդեցության գործիք չունի, չնայած ատամները կրճտացնում է, բայց ձայն չի կարողանում հանել», - ասաց նա։

Սեյրան Օհանյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մեղավոր Փաշինյանի իշխանությունն է համարում

Մոսկվային դուր չեն գալիս Արևմուտքի հետ Հայաստանի սերտ շփումները՝ հայ-ամերիկյան զորավարժությունները, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայումը, նաև Պուտինին կալանավորելու օրդեր տված ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրությանը միանալը։ Հայտարարում են՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քայքայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։

Երևանը բացեիբաց դժգոհում է, որ Մոսկվան ձախողել է դաշնակցային պարտավորությունները Հայաստան ադրբեջանական ներխուժումների, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ։

Այսքանով հանդերձ վարչապետը հայտարարում է, որ Հայաստանը դեպքի Արևմուտք վեկտոր չի փոխում, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի եղել, ռուսական ռազմաբազան հանելու քննարկում ևս չկա։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մեղավոր Փաշինյանի իշխանությունն է համարում. - «Ստեղծված է եղել մի այսպես համակարգ, և այդ համակարգը ինչ-որ մի ձևով միջազգային երաշխիքներ է ձևավորել, և այդ միջազգային երաշխիքներն են հիմք հանդիսացել, որ մարտական գործողություններ լայնամասշտաբ չեն ծավալվել նույն Արցախում»։

Մոտ երկու շաբաթից ՀԱՊԿ գագաթնաժողովն է։ Արդյոք վարչապետը կմեկնի Մինսկ, թե՝ ոչ, առայժմ պարզ չէ։

XS
SM
MD
LG