Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը չի մասնակցի ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին


ՀԱՊԿ գագաթնաժողովը Երևանում, 24-ը նոյեմբերի, 2022թ.
ՀԱՊԿ գագաթնաժողովը Երևանում, 24-ը նոյեմբերի, 2022թ.

Երևանին անվտանգության ոլորտում Եվրամիության հնարավոր աջակցության վերաբերյալ Բրյուսելի երեկվա քննարկումներից հետո այսօր Հայաստանի կառավարությունը հաղորդեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հաջորդ շաբաթ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին:

Թեև վարչապետի աշխատակազմը պատճառները չի հստակեցնում, բայց Նիկոլ Փաշինյանի թիմակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Արման Եղոյանը հայտարարում է՝ որոշման հիմքում Մոսկվայի առաջնորդած ռազմաքաղաքական այդ դաշինքից հայկական կողմի դժգոհությունն է, ինչի մասին Երևանն արդեն տևական ժամանակ է՝ բարձրաձայնում է:

«Մենք արդեն քանի տարի շարունակ՝ սկսած 2021 թվականի Հայաստանի սուվերեն տարածքի դեմ հարձակումից, ՀԱՊԿ-ին ուղղված մեր դիմումից և դրան ոչ պատշաճ արձագանքելուց հետո, բազմաթիվ անգամներ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այդ կառույցի գործունեության վերաբերյալ, և էստեղ դուք զարմացել եք, որ մենք չենք մասնակցո՞ւմ», - ասաց Եղոյանը:

Մինսկ չմեկնելու որոշման մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Հեռախոսազրույցը, Կառավարության հաղորդմամբ, տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Փաշինյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն:

Կրեմլից Հայաստանի վարչապետի որոշումն ափսոսանքով են ընդունել՝ պնդելով, թե ՀԱՊԿ ձևաչափը մնում է արդիական: Վլադիմիր Պուտինի խոսնակը շեշտել է, թե նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումները ճշգրտելու համար:


Անցած ամիս Փաշինյանը չմեկնեց նաև Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Հայաստանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ՝ պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ևս բոյկոտել են Ռուսաստանի առաջնորդած կառույցների նիստերը՝ կրկին առանց հրապարակային բացատրությունների: Այս ամենով հանդերձ, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի:

«Ձեր ասածն այն է, որ եթե մեկ, երկու, երեք, չորս, հինգ նիստի չմասնակցեցիր, վեցերորդ քայլով պիտի դո՞ւրս գաս այդ կառույցից, դա է՞ ձեր տրամաբանությունը: Ասացի որն է խնդիրը՝ այն խնդիրները, որոնք որ մատնանշվել են, այդ խնդիրներին պատշաճում է ա՛յս վարքագիծը», - ընդգծեց Եղյանը:

Բացի ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց, ամիսներ առաջ Հայաստանը հրաժարվել էր կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ապա ետ էր կանչել իր դեսպանին ու մինչ օրս նորին չի նշանակել։ Տարեսկզբին էլ հրաժարվեց հյուրընկալել ռազմական դաշինքի զորավարժությունները։

Ընդդիմությունը ՀԱՊԿ և ԱՊՀ նիստերը բոյկոտելը համարում է «դիվանագիտական դեմարշ»

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այս ամենը դիվանագիտական դեմարշ է համարում:

«Էստեղ ավելի շատ խոսքը գնում է ոչ թե փոխլրացման մասին, այլ՝ ճամբարափոխության մասին, և սա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, որովհետև մենք, ըստ էության, փոխում ենք ճամբարը այն ժամանակ, երբ ակնհայտ գոյություն ունի Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն», - պնդեց դաշնակցական պատգամավորը:

Իր վերջին հարցազրույցում վարչապետն ասել էր, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իր դաշնակցային պարտավորությունները: Այդուհանդերձ, և՛ Փաշինյանը, և՛ իր թիմակիցները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մտադրություն չունեն:

Ընդդիմադիր Ռուստամյանն առաջարկում է այս հարցում դատողություններ անելիս հիմնվել իշխանության ոչ թե հայտարարությունների, այլ՝ գործողությունների վրա:

«Էդ ռուսներից, այո, մենք էլ դժգոհելու շատ բան ունենք, այո, շատ խնդիրներ կան, որ կարելի է, բայց դնելու ձև կա, անելու ձև կա: Եթե էսօր ռուսներին համարում ենք, որ լավ բարեկամություն չեն արել, բայց ինչի՞ եք ստիպում, որ դառնան մեզ թշնամի», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Իշխանական պատգամավոր Արման Եղոյանն այսօր վերահաստատեց՝ Կառավարությունն այս պահին ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի քննարկում:

Իսկ թե դեռ որքան ժամանակ Երևանը կշարունակի բոյկոտել ՀԱՊԿ նիստերը՝ առանց այդ կառույցին անդամակցությունը կասեցնելու, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահն այդպես էլ չհստակեցրեց:

Հայաստանի վարչապետը չի մասնակցի ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG