Մատչելիության հղումներ

Հայաստանը ՀԱՊԿ-ից չի ստանում իր հարցերի պատասխանները, նաև սա է պատճառը, որ չի մասնակցում նիստերին․ ԱԽ քարտուղար


Գրիգորյանը երեկ շեշտեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել և չի ստացել անհրաժեշտ օգնությունն՝ իր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։

Հայաստանը ՀԱՊԿ-ից չի ստանում իր հարցերի պատասխանները և նաև սա է պատճառը, որ չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱԿՊ խորհրդի նիստին։

Գրիգորյանը երեկ շեշտեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել և չի ստացել անհրաժեշտ օգնությունն՝ իր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։

«Հայաստանը սկսած 2020 թվականի պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի սուվերեն տարածքի մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը կրկին հարձակվել է Հայաստանի վրա, մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել և մենք չենք ստացել անհրաժեշտ օգնությունը՝ մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, այդտեղից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին ։ Մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը և սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Հարցին, թե նիստերին չգնալով այդ հարցերի պատասխանները մոտենո՞ւմ են, Գրիգորյանը պատասխանեց․ - «Գնալով միանշանակ չենք ունենում, երբ որ մինչև այդ փորձել ենք տարբեր ձևաչափերով քննարկել և ստանալ, չենք ստացել»։

Միևնույն ժամանակ ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չորակեց շեշտելով․ - «Մենք հարցեր ունենք ՀԱՊԿ-ի վարքագծի հետ կապված և էդ հարցերի պատասխաններն ակնկալում ենք, որ մեր գործընկերները կտան»։

Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել դաշինքից իր դժգոհությունների մասին․ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Տարեսկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա՝ պարզաբանելով, թե ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։ Հայաստանը հրաժարվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ետ է կանչել ռազմական դաշինքից իր դեսպանին ու մինչ օրս նորին չի նշանակել։

«Հնարավորություն կա նաև Վաշինգտոնում շարունակելու խաղաղության պայմանագրի բանակցություններ»

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բանակցություններին՝ Գրիգորյանն ասել է՝ հնարավորություն կա նաև Վաշինգտոնում շարունակելու այդ բանակցությունները։

«Հայաստանը պատրաստակամ է, հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - նշել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ վերջերս տարածաշրջանում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։

«Նա քննարկում էր հնարավոր հանդիպումները: Իհարկե, դրանք վերջնական չեն, բայց այցի նպատակներից մեկը հանդիպում կազմակերպելն է»:

Հարցին, թե ինչո՞ւ ոչ Մոսկվայում, Գրիգորյանը պատասխանել է.- «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում և որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում, որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել: Ես տեղյակ չեմ Մոսկվայից առաջարկների մասին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG