Մոսկվայի 23-ամյա բնակիչը Մոսկվայի հրաձգային ակումբներից մեկում ինքնասպանություն է գործել, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով Baza-ին և 360 հեռուստաալիքին։
Ըստ Baza-ի՝ «ինքնասպանության պատճառը եղել է զինկոմիսարիատ հրավիրվելը»։
Աղբյուրը նշում է, որ մահից առաջ տղամարդն իր ընկերներին տեղեկացրել է, որ բանակ մեկնելու ծանուցագիր է ստացել, սակայն չի ցանկանում բանակ գնալ։ Նա իր իրերով զինկոմիսարիատում պետք է լիներ այսօր առավոտյան։
Channel 360-ը պնդում է, որ մահացածի ընկերները զգուշացրել են «Վիստրել» հրաձգային ակումբին, որ տղան պատրաստվում է ինքնասպանություն գործել։ Աշխատակիցները զգուշացումը լուրջ չեն ընդունել։
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը աշնանային զորակոչ է հայտարարված։ Նախատեսվում է բանակ զորակոչել 130 հազար մարդու։
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի իշխանությունները խստացրել են պատասխանատվություն, մասնավորապես՝ զինվորական ծառայությունից խուսափելու, զինվորական անձնակազմի հրամանները չկատարելու, զորամասը լքելու, դասալքության և ռազմական ունեցվածքի կորստի համար։ Այդ հոդվածների մեծ մասով նախատեսվում է երկարաժամկետ ազատազրկում։