Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն համաձայնեցրել է Ռուսաստանն ահաբեկչական ռեժիմ ճանաչելու մասին բանաձևի տեքստը


Ուկրաինայի նախագահը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցել է տեսակապով
Ուկրաինայի նախագահը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցել է տեսակապով

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը այսօր համաձայնեցրել է Ռուսաստանին ահաբեկչական ռեժիմ ճանաչելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի անդամակցությունն անօրինական դարձնելու մասին բանաձևի տեքստը։

Անցած գիշեր և այսօր Կիևի արվարձանները, Զապորոզժեի մարզը և Նիկոլաև քաղաքը նորից հրթիռակոծվել են։ Նիկոլաևում հրթիռակոծվել է բնակելի շենք, մարդիկ մնացել են փլատակների տակ, 11-ամյա մի տղայի հաջողվել է փրկել։

Սեպտեմբերի 10-ի աննախադեպ զանգվածային հրթիռակոծությունից հետո ռուսական զորքերը չեն դադարել ուկրաինական խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունը։ Ուկրաինայի նախագահը կրկին հորդորում է Արևմուտքին փակել Ուկրաինայի երկինքը․ - «Որքան ավելի համարձակ և դաժան է դառնում ռուսական ահաբեկչությունը, այնքան ակնհայտ է դառնում, որ երկնքի պաշտպանության հարցում Ուկրաինային օգնելը Եվրոպայի համար ամենակարևոր մարդասիրական խնդիրներից մեկն է այսօր։ Հավատում եմ, որ մենք տեր ենք կանգնելու այս խնդրին։ Եվ ես երախտապարտ եմ մեր այն գործընկերներին, ովքեր արդեն որոշել են ուժեղացնել մեր պետության համար նման աջակցությունը»։

ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է, որ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումն առաջնահերթություն է։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը շեշտել է, որ դաշնակիցները կշարունակեն աջակցել Կիևին, հատկապես Ռուսաստանի կողմից վերջին զանգվածային հրթիռային հարձակումների լույսի ներքո. - «Մենք մտադիր ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Եվ դուք գիտեք, մենք անընդհատ դա ասում ենք»:

Չնայած զանգվածայաին հրթիռակոծությանը և Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիային, իրավիճակը ռազմի դաշտում էապես չի փոխվել. ուկրաինացիները շարունակում են հակահարձակումը փորձերը Խերսոնի մարզում, ռուսական ուժերը՝ Դոնեցկի։ Ընդ որում, բրիտանական հետախուզությունն այսօր հայտնել է, թե ուկրաինացիները արդեն մոտենում են ռուսների վերահսկողության տակ անցած Խերսոն քաղաքին։

Ուկրաինացի քաղաքագետ Անդրե Զոլոտարյովը, սակայն, պնդում է, թե պատերազմում շրջադարձի մասին խոսելը դեռ վաղ է. - «Ես չէի շտապի խոսել պատերազմում շրջադարձի մասին։ Թեև ճիշտ է, որ Ուկրաինայի զինված ուժերը ռուսական բանակից խլեցին ռազմավարական նախաձեռնությունը, սակայն, հաշվի առնելով մոբիլիզացիոն ներուժը, սպառազինության և ռազմական տեխնիկայի ռուսական ռեսուրսները, այս պատերազմում շրջադարձի մասին խոսելը դեռ վաղ է։ Առջևում ամենածանր աշնանային մարտերն են, և ես կարծում եմ, որ Պուտինը չի հրաժարվել նոր մեծ հարձակումից»։

Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար նախագահ Պուտինը սեպտմեբերի 21-ին մասնակի զորահավաք էր հայտարարել, զորակոչվել է, ըստ պաշտոնական տվյալների, երկու հարյուր հազարից ավելի մարդ, որոնց շրջանում արդեն կան զոհեր։

Իշխանություններն այսօր առաջին անգամ հայտնել են Ուկրաինայի պատերազմում մոբիլիզացվածների մահվան մասին։ Չելյաբինսկի շրջանի կառավարությունը հաստատել է Ուկրաինայում պատերազմի ուղարկված հինգ մարդու մահը։

Մինչ Ռուսաստանը նոր մարդկանց է ուկրաինական ճակատ ուղարկում, աշխարհը դատապարտում է Ռուսաստանին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ հաստատել է Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բռնակցման ռուսական փորձը դատապարտող բանաձևը։ Դրան կողմ են քվեարկել ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 143-ը։ Դեմ են եղել ընդամենը 5-ը, բացի Ռուսաստանից՝
Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Նիկարագուան։ Ձեռնպահ են քվեարկել 35 երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Հայաստանը, Ղազախստանը։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները և հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող քարտեզից ջնջել ինքնիշխան պետությունը»։

Ռուսաստանը, ընդդիմանալով աշխարհի պետությունների գերակշիռ մասին, շարունակում է ռազմական գործողությունները հարևան պետության տարածքում։ Թուրքիայի նախագահն այդուհանդերձ կրկին պնդում է, թե կարող է կազմակերպել և' ռուս-ուկրաինական, և' Ռուսաստան - Արևմուտք բանակցությունները։

Նախատեսվում էր, որ այսօր Աստանայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն թուրքական կողմի՝ Մոսկվայի և Կիևի միջև նոր բանակցություններ անցկացնելու առաջարկը։ Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը բանակցություններից հետո հայտարարել է, որ նման հարց հանդիպմանը չի քննարկվել։ Հանդիպման բաց հատվածում Պուտինը թուրքական երթուղին անվանել է «ամենահուսալին» Եվրոպա ռուսական գազի արտահանման համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG