Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ահագնանում է մասնակի զորակոչի հետ կապված դժգոհությունների ալիքը


Երկրորդ օրն է, հաղորդումներ են ստացվում Ռուսաստանի մի քանի քաղաքներում մասնակի մոբիլիզացիայի հետ կապված արյունալի միջադեպերի մասին։

Այսօր Իրկուտսկի շրջանի Ուստ Իլիմսկ քաղաքում պահեստազորի զինծառայողը կրակել է զինվորական կոմիսարի վրա, վերջինս հոսպիտալացվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ժամկետային զինծառայողը բերման է ենթարկվել , նա 25 տարեկան Ռուսլան Զինինն է։

Թե ինչպես է Զինինը զենք մտցրել զինկոմիսարիատ, հայտնի չէ։ Կրակելուց առաջ նա դիմել է բոլոր զորակոչիկերին, թե «հիմա բոլորս տուն կգնանք»։

Մեկ այլ ողբերգական միջադեպ էլ տեղի է ունեցել երեկ Ռյազանում։ Քաղաքի կենտրոնական ավտոկայանում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել՝ բացականչելով, թե չի ցանկանում մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։ Տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել, նրա առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություն դեռ չկա։

Զուգահեռ շարունակվում են հակապատերազմական ցույցերը, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել երեկ Մախաչկալայում։ Դաղստանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքված արյուրավոր կանայաք վանկարկում էին «Ո'չ պատերազմին», «Չե'նք թողնի, որ տանեն մեր երեխաներին», «Ուկրաինան Ռուսաստանի վրա չի' հարձակվել».․․ Իրավապահները մարդկանց ցրելու համար նույնիսկ օդ են կրակել։

Զորահավաքի դեմ փողոց են դուրս եկել նաև Բաշկորտստանում, Յակուտիայում, Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում։ Ըստ OVD-Info-ի՝ սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 2346 մարդ է բերման ենթարկվել, նրանցից ոմանց բանակ գնալու ծանուցագրեր են հանձնել հենց ոստիկանական բաժանմունքներում։

Ռուս իրավապահները գործում են չափազանց կոշտ, բերման ենթարկելիս ուժ են կիրառում։

Չնայած բողոքի այս ծայրահեղ քայլերին՝ մոբիլիզացիան շարունակվում է։ Թեև Կրեմլն ու բարձրաստիճան պաշտոնաները շարունակ պնդում են, թե զորահավաքը մասնակի է, կան բազմաթիվ հաղորդագրություններ, որ զորակոչվում են նաև երբևէ պահեստազորում չգրանցված, մեծահասակ կամ վատառողջ մարդիկ։

Զորակոչից խուսափելու համար Ռուսաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ լքում են երկիրը։ Որոշ աղբյուրներ խոսում են մի քանի հարյուր հազար երիտասարդ տղամարդկանց մասին, սակայն այս տեղեկությունը պաշտոնական չէ։ Այն, որ մոբիլիզացիայի հետ կապված խնդիրներ կան, հաստատել է նաև Բելառուսի նախագահը, ով չհայտարարված այցով այսօր ժամանել է Սոչի և հանդիպել նախագահ Պուտինի հետ։

«Լսեք, Ռուսաստանը 25 միլիոն մոբիլիզացիոն ռեսուրս ունի։ Դե թող 30 հազարն էլ փախչի, լավ՝ 50 հազարը։ Իսկ եթե նրանք այստեղ մնային, ինչ է մեր ժողովո՞ւրդը կլինեին։ Թող փախչեն», - ասել է Լուկաշենկոն։

Թեև մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում են, թե Կրեմլը մտադիր է նաև ռուսաստանցիների ելումուտը սահմանափակել, սակայն իշխանությունները վստահեցնում են, որ նման քայլի գնալու մտադրություն չունեն։ Ըստ պաշտոնական աղբյուրների, Ռուսաստանի սահմանային անցակետերում դժվարություններ կան, բայց դրանց մասին հաղորդումները կեղծ են կամ խիստ չափազանցված:

Սահմանները պաշտոնապես դեռ բաց են, սակայն ռուս-վրացական սահմանին արդեն տեղակայվել են Անվտանգության դաշնային ծառայության սպաներ՝ զրահամեքենայով։

Հյուսիսային Օսիայի-Ալանիայի Հանրապետության սահմանային վարչությունը բացատրել է, որ Վերին Լարսի մոտ ԲՏՌ-ի հայտնվելը արտակարգ իրավիճակի համար է՝ եթե հանկարծ տղամարդիկ ցանկանան ճեղքել անցակետը և առանց սահմանային ձևակերպումների լքել երկիրը։

Իշխանությունները սրա հետ մեկտեղ վստահեցնում են, որ անցակետեր չեն տեղադրվի, և Վերին Լարսը աշխատում է բնականոն հունով, իսկ զինվորական տարիքի արական սեռի քաղաքացիների ելքի սահմանափակումներ չեն գործում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG