«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տնօրենների խորհուրդն ընկերության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ամերիկացի մեդիա մենեջեր Սթիվեն Կապուսին։ Նա պաշտոնը կզբաղեցնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Կապուսն ունի ավելի քան 40 տարվա փորձ լրագրության, պրոդյուսերության և լրատվամիջոցների կառավարման ասպարեզում: Կապուսն ավելի քան 25 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: 2005 թվականին նա դարձել է NBC News-ի նախագահ, իսկ 2014 թվականին՝ CBS News-ի գործադիր խմբագիր։
«Ես հպարտ եմ «Ազատությունը» ղեկավարելու հնարավորության համար, քանի որ այն հաստատակամ է մնում իր առաքելության մեջ՝ որպես անկախ նորությունների և տեղեկատվության աշխարհի ամենավստահելի աղբյուրներից մեկը», - ասել է Կապուսը:
Նա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ջեյմի Ֆլային, ով հրաժարական է ներկայացրել 2023 թվականի ամռանը։ Հուլիսից նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է «Ազատություն» ռադիոկայանի խորհրդի անդամ և նախկին նախագահ Ջեֆ Գեդմինը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն անկախ միջազգային մեդիա կորպորացիա է, որը ֆինանսավորվում է Կոնգրեսի դրամաշնորհով Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության միջոցով: Այն աշխատում է 23 երկրներում՝ 27 լեզուներով: