Մատչելիության հղումներ

«Ազատություն»-«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահը դատապարտել է լրագրողին տուգանելու որոշումը


Դարյա Կոմարովան Չեբոկսարիի Լենինի շրջանի դատարանում, 23 ապրիլի, 2021թ.

Ռուսաստանի Չուվաշիայի հանրապետության դատարանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Դարյա Կոմարովայի նկատմամբ սահմանել է 100 հազար ռուբլու (մոտ 137 ԱՄՆ դոլարի) տուգանք մի մեղադրանքով, որով լրագրողն անցյալ տարի արդարացվել է:

Չեբոկսարի քաղաքի դատարանը Կոմարովային մեղավոր է ճանաչել ընդդիմադիր լիդեր Ալեքսեյ Նավալնիի քաղաքական զինակից Սեմյոն Կոչկինի նախաձեռնությամբ մեկ տարի առաջ կազմակերպված արգելված հավաքին ներկա լինելու համար:

«Ազատություն»-«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն այդ տուգանքն անվանել է «լրագրողներին Ռուսաստանում պարբերաբար հալածելու գործելակերպի վկայություն»:

«Դարյա Կոմարովան ընդամենը կատարել է իր մասնագիտական առաքելությունը որպես լրագրող, երբ 11 ամիս առաջ լուսաբանել է Չեբոկսարիի քաղաքային ընտրություններում թեկնածուի [Սեմյոն Կոչկինի] հանդիպումը հավանական ընտրողների հետ: Դարյայի պես խիզախ լրագրողներին հետապնդելու միակ նպատակը ռուս ժողովրդին իր երկրում պատմող անկախ լրատվությունից և քաղաքական տեսակետների հետ ծանոթանալու հնարավորությունից զրկելն է»,- հայտարարել է «Ազատություն»-«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը:

Դարյա Կոմարովան պնդում է, որ ինքը միայն լուսաբանել է հանդիպումը և բուն հավաքին չի մասնակցել:

Կոմարովային նաև մեղադրել են Նավալնիի ձերբակալության դեմ Չեբոկսարիում տեղի ունեցած երկու ցույցերին ներկա լինելու համար:

Այն ժամանակ Չեբոկսարիի Լենինի շրջանի դատարանը վճռել է, որ Կոմարովան ոչ թե մասնակցել է ցույցին, այլ ներկա է եղել որպես այն լուսաբանող լրագրող:

Հետագայում ներքին գործերի նախարարության պահանջով գործը հասել է Չուվաշիայի Գերագույն դատարան, որը վճռել է, թե քանի որ ցույցի ընթացքում Կոմարովայի հավատարմագրման փաստաթղթում բացակայել է ժամկետը և համարն, ուրեմն նա դիտվում է ոչ թե որպես լրագրող, այլ ցույցի մասնակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG