Մատչելիության հղումներ

«Նախկին պայմանավորվածությունների մասով մոտ ապագայում գուցե լավ նորություն կունենանք»․ Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերություններից


Պաշտոնական Երևանը լավատեսություն է հայտնում՝ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն կունենան։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում, 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում եմ լավատեսություն հայտնել, ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար, այն է՝ ՀՀ և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն և նաև 3-րդ երկրների բոլոր քաղաքացիների համար, այս խմբի մարդկանց համար նախ բացել սահմանը և հետո արդեն շարունակել քննարկումը։ Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում մենք այստեղ գուցե լավ նորություններ ունենանք»,- ասաց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալ։

Բյուջեի քննարկման ժամանակ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել հայ-թուրքական հարաբերություններից՝ կրկին հույս հայտնելով, որ առաջիկայում կունանեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում։

Գործադիրի ղեկավարը մանրամասնել էր, որ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է 3-րդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձագիր կրողների համար։

Փաշինյանն ացել էր, որ բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մասնավորապես, վերազինման, վերականգնման աշխատանքներ են կատարվել Մարգարայի անցակետում։

«Գրանադայի փաստաթուղթն արտացոլում է երկարատև և արժանապատիվ խաղաղության հիմքերը»

Խոսելով Գրանադայի հանդիպումից Միրզոյանը նախ ցավով ընդգծեց՝ Ադրբեջանի նախագահը հարմար կամ նպատակահարմար չգտավ մասնակցել այդ հանդիպմանը, ապա շեշտեց՝ այդ քառակողմ հանդիպումից դուրս եկավ մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով արտացոլում է երկարատև և արժանապատիվ խաղաղության հիմքերը։

«Այստեղ տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության պայմանագրի մասին խոսելիս»,- ասաց արտգործնախարարը՝ կրկին թվարկելով սկզբունքները՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց, տարածաշրջանի ապաշրջափակում։

Հոկտեմբերի սկզբին Գրանադայում, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, կայացավ քառակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել այդ հանդիպմանը։ Գրանադայում նախատեսված հանդիպումը չեղարկելուց հետո Բաքուն հայտարարեց, թե պատրաստ է Բրյուսելում շարունակել բանակցությունները առանց Ֆրանսիայի նախագահին՝ քննադատելով նաև Գրանադայում ընդունված փաստաթուղթը։

«Կան որոշ խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում»

Կան որոշ խնդիրներ Ռուսաստանի հետ հարաբերություններում, անդրադառնալով հայ-ռուսկան հարաբերություններին ասաց Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ Երևանը շատ բաներով բավարարված չէ, շատ բաներից զարմանում է։

«Որքան հասկանում եմ Ռուսաստանում նույնպիսի վերաբերմունք կա։ Մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում։ Մենք որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել և գործընկերաբար առաջ շարժվել»,-ընդգծեց ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որ աշխատում են այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կստացվի։

«Ամեն ինչ մեկ կողմից չի կախված», - շեշտեց Միրզոյանը։

«Հայաստանն այսօր կարողանում է անհամեմատ ավելի շատ զենք ձեռք բերել»

Հայաստանն այսօր կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի և անհամեմատ ավելի շատ երկրներից քան, ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ ամենապայծառ երազում էդպիսի գործարքներ անել՝ գնալ տարբեր երկրներ և խնդրել, ի պատասխան ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, հայտարարեց Արարատ Միրզոյանը։

«Հեգնանքով նշում եք, որ մենք չենք կարողանում զենք ձեռք բերել։ Չէ՛, սովոր էիք, էդպես էր կարգը և համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն այնքան զենք, ինչքան պետք է և չկաթացնեն այնքան զենք, երբ որ դրա կարիքը չլինի, որպեսզի էդտեղ էլ Հայաստանի Հանրապետությունը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ», - ասաց արտգործնախարարը՝ շեշտելով՝ Հայաստանը, բարեբախտաբար, հիմա այլ վիճակում է։

Միրզոյանը չհերքեց՝ լոգիստիկ խնդիրներ կան, հակառակ պարագայում Երևանը կարող էր շատ ավելին անել և շատ ավելին բերել։

«Ընդ որում, խոսքը միանշանակ պաշտպանական զենքերի մասին է, մենք որևէ հարձակողական նպատակ չունենք։ Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, սպառազինություններ։ Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրները։ Այո՛, գատնիք չէ, որ լոգիստիկ խնդիրներ կան»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG