Մատչելիության հղումներ

Մարգարայի կամրջի հարևանությամբ մաքսային անցակետ է կառուցվում


Թեև հայ-թուրքական կարգավորման գործընթացում այս պահին տեսանելի առաջընթաց չկա, այնուամենայնիվ, Մարգարայի կամրջի հարևանությամբ կառուցվում է մաքսային անցակետ։

«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում», - ասաց ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը:

Իսկ թե ե՞րբ կավարտվի, Բադասյանը կոնկրետ ժամկետներ չնշեց. - «Չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել, բայց շուտով»:

ՊԵԿ ղեկավարն ավելացնում է, որ տեղյակ չէ կարգավորման գործընթացից և իր ղեկավարած կառույցի գործառույթը մաքսակետը նախապատրաստելն է սահմանի բացմանը։

Հայ- թուրքական կարգավորման գործընթացին 2 օր առաջ Վիեննայում Ավստրիայի արտգործնախարարի հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այն բանից հետո, երբ Ալեքսանդր Շալենբերգն առաջարկեց Վիեննան դիտարկել որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ։ Միրզոյանը խոստովանեց, որ այժմ որոշակի դադար կա երկխոսության գործընթացում։

«Մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ՝ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում», - ասաց է Հայաստանի արտգործնախարարը:

Միրզոյանը հավելեց, որ հայ և թուրք բանագնացների հաջորդ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Նախկին պայմանավորվածություններով, սակայն, ցամաքային սահմանն արդեն պետք է բացված լիներ 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար՝ ամռան սկզբին, այս մասին հայտարարել էր հենց Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Կա պայմանավորվածություն, որ ամռան սկզբին սահմանը պիտի բաց լինի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Որպեսզի իրագործենք այս պայմանավորվածությունը, մեր կողմից արդեն աշխատանքներ են տարվում Մարգարա անցակետը դրան պատրաստելու համար, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում և այլն: Թուրքական կողմը հայտնի է, որ իրենք նույնպես պատրաստվում են դրան, համենայնդեպս, չի հնչել որևէ պնդում, որ պայմանավորվածությունն ուժի մեջ չէ», - նշել է Ռուբինյանը:

Թուրքական կողմը մի կողմից չի դադարեցնում երկխոսությունը Հայաստանի հետ, մյուս կողմից հայ-թուրքական գործընթացը շարունակ կապում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ։

Ըստ պայմանավորվածությունների, Հայաստանի ու Թուրքիայի միջև արդեն պետք է հնարվոր լիներ իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրում, որը ևս մինչ օրս գործնականում հնարվոր չէ։

Ստամբուլում և Երևանում աշխատող գործարար Գագիկ Մուշեղյանը պարբերաբար Թուրքիայի մաքսային ծառայություններից է հետաքրքրվում՝ կարո՞ղ են բեռներ փոխադրել, թե՝ ոչ։

«Խոսքով հնարավոր է, գործնական ոչ մի բան չկա: Այդ կոդը, որ պետք է տային Հայաստանին, մինչև հիմա իրենց մոտ դա փակ է, չկա տենց բան: Ասում եմ երկուշաբթի օրվա տեղեկությունը, որ ուզում էինք ձևակերպում անեինք, օրինական բեռնափոխադրման ձևակերպեինք Թուրքիա-Հայաստան, ասացին, որ չի լինի, որպես ուղևորաբեռ կարող ենք ուղարկել, բայց որպես նորմալ փոխադրում հնարավոր չի, քանի որ իրենք Հայաստանին չեն ճանաչում», - ասաց Մուշեղյանը:

Մինչ այդ սահմանային Մարգարա գյուղում շինարարությունը շարունակվում է, կառավարության նախորդ նիստին դրամական միջոցներ հատկացվեց Մարգարայի անցակետի համար, կառուցապատողի հետ պայմանգիրը կնքվել էր 1 ամիս առաջ, աշխատանքները մեկնարկել են, ընդ որում, կառավարության հիմնավորումներում նշված է, որ «մաքսակետի գործարկման համար սահմանված են սեղմ ժամկետներ», հետևաբար նախագիծն էլ իրականացվում է ոչ ստանդարտ մոտեցումներով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG