Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսում կայացել է Փաշինյան-Ասադով հանդիպում


Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ երեկ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը՝ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։ Պաշտոնական Թբիլիսին, սակայն, չի մանրամասնում, թե ինչ հարցեր են քննարկվել։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլիի մասնակցությամբ հայ-ադրբեջանական հանդիպումը մի քանի ժամ է տևել, մինչդեռ Հայաստանի կառավարությունից «Ազատությանն» այսօր հայտնեցին, որ Վրաստանի մայրաքաղաքում ոչ պաշտոնական շփում է եղել՝ պաշտոնական ճաշից հետո: Երևանը ևս չի բացահայտում հայ և ադրբեջանցի պաշտոնյաների զրույցի բովանդակությունը։

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները երեկ Թբիլիսիում մասնակցում էին «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այսօր արդեն Ղարիբաշվիլին ու Ասադովը Թբիլիսիում մասնակցել են Ադրբեջանի դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնարկեքին։ Ղարիբաշվիլին իր խոսքում դարձյալ նշել է, որ Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Վրաստանը որպես Հայաստանի և Ադրբեջանի անաչառ, չեզոք և օբյեկտիվ բարեկամ շահագրգռված է, որ մեր երկրում տևական խաղաղություն և կայունություն հաստատվի: Մենք մեր երկիրը և ես որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք այդ գործընթացում մասնակցություն ունենալ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Երեկ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում վարչապետ Փաշինյանը, ներկայացնելով իր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, մասնակիցներին պատմեց, թե Երևանը ինչ է առաջարկում տարածաշրջանի խաղաղության համար։ Ասաց՝ ծրագրի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է։

Էներգետիկ հարցերի վերաբերյալ առանձին քննարկմանը մասնակցում էր Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարարը։ Հակոբ Վարդանյանը նշել է, որ խորհրդային ժամանակներում Հայաստանն Ադրբեջանից գազ էր գնում, և եթե քաղաքական խնդիրները լուծվեն, հնարավոր է համարել վերականգնել նաև այդ ենթակառուցվածքները և ոչ միայն գազ ստանալ ադրբեջանից, այլև լինել գազի տարանցիկ երկրի Ադրբեջանից Եվրոպա:

«Խորհրդային ժամանակներում մենք մեր գազն ստանում էինք Ադրբեջանից երեք հսկայական խողովակաշարերի միջոցով, և այժմ կարող ենք վերականգնել դրանք, եթե այլևս քաղաքական խնդիրներ չլինեն մեր երկրների միջև», - նշել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարարը:

Վարդանյանը նաև ասել է, որ Հայաստանը տարածաշրջանի կենտրոնում է, հետևաբար՝ արևելյան և արևմտյան հարևանների հետ սահմանների բացումը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել: Այս քննարկմանը մասնակցող Ադրբեջանի ներկայացուցիչը իր խոսքում չի անդրադարձել հայ պաշտոնակցի հայտարարություններին։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է փորձի հնարավորինս ընդլայնել իր էներգետիկ համակարգի աղբյուրները

Հայաստանը պետք է փորձի հնարավորինս ընդլայնել իր էներգետիկ համակարգի աղբյուրները, կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը, շեշտելով սակայն, որ Ադրբեջանի հետ նման խոսակցությունը ռեալ կլինի միայն քաղաքական կարգավորումից հետո:

«Փոխնախարարի ասածը վերաբերում էր այն սցենարին, եթե մենք գնում ենք կարգավորում և, բնականաբար, չի վերաբերում ներկայումս գոյություն ունեցող իրավիճակին», - ասաց Քոչինյանը:

Իսկ թե գործընթացը ուր է գնում, դեպի կարգավորո՞ւմ, թե՞ դեպի սրացում, բարդ է ասել, քանի որ երկու ուղղությամբ էլ հռետորաբանությունը զարգանում է զուգահեռաբար, բոլոր զարգացումների ցուցիչներն էլ կան:

«Էս պահին, ցավալիորեն, ապրում ենք հենց անցումային փուլում, ու այդ անցումային փուլերի մեջ ապրողների համար երբևիցե հստակ պարզ չի լինում, թե ի վերջո ուր են գնում զարգացումները: Բոլոր զարգացումների ցուցիչներն առնվազն կան, իմ կարծիքով, ի՞նչ պետք է անի հայկական կողմը, իրենից հասնող ամեն ինչ պետք է անի՝ փորձելու համար գնալ դեպի կարգավորում և դեպի համագործակցային տարածաշրջանի ձևավորում, ինչը նշանակում է նաև զինվել, ինչը նշանակում է նաև պատրաստվել պատերազմի, որովհետև դա նույնպես գործոն է և ճիշտ աշխատանքի ու ճիշտ մատուցման դեպքում դա խաղաղության գործոն է», - ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններին, թե Թբիլիսին պատրաստ է Բաքվի և Երևանի միջև միջնորդի դերը ստանձնել, Քոչինյանը կարծում է՝ այդ դերակատարման համար ուժային կենտրոն է պետք:

«Ինչքան էլ մենք հարգում ենք, սիրում ենք և ընդունում ենք մեր հարևան Վրաստանին և կարևորում ենք իր դերակատարությունը, ես կարծում եմ, որ խոսել այն մասին, որ Վրաստանը կարող է լինել միջնորդ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում, այս փուլում լուրջ չէ, միջնորդը պետք է լինի ուժային կենտրոն, որը կկարողանա ինչ-որ չափով արբիտրաժի հանգեցնել ընդունվող որոշումները, հակառակ դեպքում մենք անընդհատ կդոփենք տեղում: Չեմ կարծում, թե վրացական միջնորդությունը հեռանկարային տարբերակ է», - ասաց Արեգ Քոչինյանը:

44-օրյա պատերազմից հետո Թբիլիսին ժամանակ առ ժամանակ առաջարկում է միջնորդի դեր ստանձնել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականին Ադրբեջանը 15 հայ ռազմագերիների վերադարձրեց Հայաստան, իսկ Երևանը Բաքվին ականապատ տարածքների քարտեզներ փոխանցեց, բացի այդ անցյալ տարի հուլիսին Թբիլիսիում Վրաստանի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

XS
SM
MD
LG