Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի վերաբացման շուրջ բանակցություններում ներգրավված են նաև ԼՂ ներկայացուցիչները. վարչապետ


Արցախից հայտարարում են՝ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունը։ Ռուսական մեկ բեռնատար օգնության համար Աղդամի ճանապարհի բացումից 3 օր անց Լաչինը շարունակում է փակ մնալ Հայաստանից մարդասիրական մատակարարումների համար։ Չնայած, երբ Արցախի իշխանությունը համաձայնեց ընդունել Աղդամով ռուսական բեռը, հայտարարեց Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի կողմից վերականգնվելու հարցով պայմանավորվածության մասին։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, սակայն, ձեռնպահ մնաց բացահայտել, թե ո՞ւմ միջնորդությամբ է ձեռք բերվել պայմանավորվածությունը։

«Պայմանավորվածությունը եղել է հետևյալը՝ ռուսական կողմն իր հումանիտար բեռն ուղարկեց Արցախ, դրա փոխարեն Ադրբեջանը պետք է բացեր նաև Բերձորի միջանցքը, բայց մենք տեսնում ենք՝ հերթական անգամ, փաստորեն, Ադրբեջանն իր պարտավորությունները չկատարեց», - նշեց Բաբայանը:

«Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել, բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակության գտնվում էմերձակա հատվածում», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր գնահատող Հայաստանի վարչապետն այսօր ասում էր՝ 1000 փաթեթ պարունակող ռուսական բեռը չի կարող իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ։

«Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումներն ապահովելու համար: Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Բայց թե ովքե՞ր, Փաշինյանի հայտարարությունից պարզ չդարձավ: Արցախի նախագահի խորհրդականը հաստատեց, որ բանակցություններ կան ու արցախցիները ներգրավված են։ Միակ բանը, որ Բաբայանի հայտարարությունից պարզվեց՝ դրանք Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումներ չեն. - «Հանդիպումներ չեն լինում, իսկ խաղաղապահների հետ հանդիպումներ, իհարկե, լինում են, բայց Ադրբեջանի հետ մենք հանդիպումներ չունենք»:

Կարմիր խաչը միայն բժշկական տարհանումների մասին է հայտնում. այսօր օրինակ, Արցախից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ իրենց միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան։ Մեկը կվերադառնա Արցախ։

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ասաց՝ այս պահին բոլոր կողմերի հետ չունեն որևէ ճանապարհով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու համաձայնություն։ Թե կոնսենսուսի կայացմանը կողմերից որ մեկն է խոչընդոտում, չմանրամասնեց, նաև՝ չասաց, թե ովքեր են իրենց երկխոսության կողմերը։

«Չունենք նաև մարդասիրական փոխհամաձայնություն բոլոր որոշում կայացնողների կողմից, ինչի հետևանքով մեր կազմակերպությունն իր ձևափափով չի կարող բեռնափոխադրումներ իրականացնել, որովհետև ըստ մեր ընթացակարգերի միակ ճանապարհը դա անելու, դա բոլոր որոշում կայացնողների համաձայնություն ստանալն է, ընդ որում, այստեղ խոսքը գնում է ցանկացած ճանապարհով, որը ապահով, անվտանգ և համաձայնեցված կլինի որոշում կայացնողների կողմից, լինի դա Լաչինի միջանցքը, լինի Աղդամի ճանապարհը կամ որևէ այլ ճանապարհ», - ասաց Ամատունին:

Իսկ հումանիտար իրավիճակը Արցախում օր օրի է վատթարանում:

Ստեփանակերտցի Արևիկ Մելքումյանը պատմեց՝ երեկվանից հաց չկա ու մեծ հարցական է՝ վաղը կլինի, թե՝ ոչ։ Մարդկանց այսօր նոր կտրոններ են բաժանվում, թե վաճառքը երբվանից կկազմակերպվի, ոչ մի կոնկրետություն։ Պաշտոնապես միայն հայտարարվել է՝ այդ տեղեկատվությունը կհաղորդեն հավելյալ:

Արևիկի փոքրը 5 տարեկան է, մյուս երկուսը՝ 14 ու 20 տարեկան զավակները գիտեն՝ վերջին անգամ տուն մտած հացը ամենափոքրինն է. 4-րդը բանակում է։

Ինչ էլ հնարավոր է գտնել, Արևիկն ասաց, շատ թանկ է։ Բայց աստղաբաշխական գին դնողներին էլ չի մեղադրում. - «Շատ ահավոր վիճակ ա, պոմիդորի կիլոն 3000 դրամ, 4000 դրամ վարունգն ա, ո՞նց առնես: Չեմ զարմանում, սալյարկան թանկ են առնում, հեռու տեղից էլ բերում են, նենց են ծախում, որ գա փակի էլի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG