Մատչելիության հղումներ

Ռուսական մարդասիրական օգնությամբ բեռնատարը հասել է Ստեփանակերտ


Ռուսական օգնությունն այսօր վաղ առավոտյան Աղդամի ճանապարհով մտել է Ստեփանակերտ։ 15 տոննա բեռը դատարկվել է ու բեռնատարը նույն Աղդամի ճանապարհով հեռացել է։

«Չենք ուզում, չենք ընդունում», -ասում է ստեփանակերտցի Լիանա Ոսկանյանը, ով իր 6 երեխաների հետ 9 ամիս դիմանում է պաշարման դժոխքին։ - «Ուզում ա ռուսական լինի, ինչական ուզում ա լինի՝ մենակ ոչ Անկայի ճանապարհով։ Ոչ մեկ չի ընդունում, որովհետև գիտեն հետևանքները ինչ ա լինելու, կամաց-կամաց մեզ տանելու են ինտեգրման։ Դա չենք ուզում»։

Արցախում գիտեն, որ ռուսական համարներով ու ռուսական Կարմիր խաչի նշանով դեղին բեռնատարը ոչ թե հումանիտար, այլ քաղաքական հարց է լուծում։ Երկու օր այդ բեռը մնաց ադրբեջանական Բարդա քաղաքում։ Արցախի իշխանությունը ի սկզբանե մուտքը թույլատրել էր, բայց Բաքվից նախապայման կար Աղդամում սպասող մեր 40 տոննա ալյուրն էլ պիտի Արցախ մտնի։ Ադրբեջանական կողմը նաև շեշտում էր, թե ռուսական այս օգնության շարժն Աղդամով Լաչինի միջանցքի բացման հետ կապ չունի։

Ամեն ինչ փոխվեց մեկ գիշերում, ու բեռնատարը հենց գիշերը շարժվեց Բարդայից։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սա համարում է կարևոր առաջընթաց Աղդամի ճանապարհը բացելու ուղղությամբ։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի ճանապարհին զուգահեռ Կարմիր Խաչի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», - ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Լաչինի միջանցքը սակայն շարունակում է փակ մնալ. այնտեղ տասնյակ մեքենաներ են կուտակված, մարդասիրական օգնություն Արցախի համար, որ տեղ չի հասնում։

Կարմիր Խաչի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը հույս ունի, որ շուտով համաձայնություն կլինի, բայց շեշտում է, որ առայժմ միայն հիվանդների են տեղափոխում. - «Վերջին անգամ Լաչինի միջանցքով սննդի և պարագաների տեղափոխումը եղել է հունիսի 14-ին, իսկ դեղամիջոցների տեղափոխումը եղել է հուլիսի 7-ին»։

Պաշտոնական Ստեփանակերտը առայժմ որևէ մեկնաբանություն չի տվել Ակնա-Աղդամով այս օգնության մուտքի մասին։

Այս թեմայով մանրամասներ ունի Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ում խոսքով, այժմ ռուսական կողմի հետ Լաչինի միջանցքը բացելու բանակցությունն է ընթանում. - «Խոսք է գնում շատ մոտ ժամանակում վերագործարկման մասին։ Ես այս պահին դժվարանում եմ ասել դա կլինի 12 ժամվա ընթացքում թե 24 ժամվա ընթացքում, բայց այս պահին էլ ինտենսիվ աշխատանք է իրականացվում հնարավորինս սեղմ ժամկետներում այն վերագործարկելու ուղղությամբ»։

Բանակցությունները, ըստ Աբրահամյանի, եռակողմ չեն, Ռուսաստանն առանձին աշխատում է Ստեփանակերտի ու Բաքվի հետ։ Պատգամավորը հիշեցնում է, որ միջազգային բոլոր դերակատարներն են ընդգծել՝ միջանցքը պետք է բացվի։ Եթե Ադրբեջանն այժմ խախտի պայմանավորվածությունը, ապա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «միջազգային ճնշումը կլինի շատ ավելի մեծ»։

Ստեփանակերտցի Լիաննա Ոսկանյանը մի հարց ունի, առայժմ անպատասխան. ինչո՞ւ են ռուսներն իրենց օգնությունը Աղդամով բերում , ոչ թե միջանցքով. - «Էդ ճանապարհի պատասխանատուն ռուսներն են։ Ինչո՞ւ հենց Ակնայով են բերել։ Էս հարցի պատասխանն եմ ես ուզում իմանալ»։

Եթե այժմ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների համար միջանցքը բացվի, բայց մեզ համար ազատ ելումուտ չլինի, միևնույնն է մենք շարունակելու ենք գերի մնալ այստեղ, ասում է Լիաննան, որ մայրիկի Հրազդանում գտնվող շիրիմին այցելել չի կարողանում։

Պնդում է՝ եթե ամեն ինչ այսպես է շարունակվելու, իրենց թող հումանիտար միջանցք տան. - «Եթե մենք չենք կարողանալու մայր Հայաստանի հետ կապը պահել, եթե թուրքին գերի ենք մնալու մեր հողի վրա, ավելի լավ ա հումանիտար միջանցք տան, ով ուզում ա, դուրս գա, ով ուզում ա, թող մնա ապրի»։

Այսքան դիմացանք դժվարություններին, չնվնվացինք, ասում է Լիաննան։ Իր երկու որդիները, պատմում է, մեկ կոշիկ ունեն, հերթով են տնից դուրս գալիս, 6 ամսական փոքրիկի համար տաք հագուստ չի գտնում։ Աշուն է, անձրևանոց չկա, երեխաները ոտքով թրջվելով են դպրոց գնում. - «Թրջվում են... մի օր գնում են դպրոց, հաջորդ օրը չորանում են, մյուս օրն են գնում դպրոց»։

Իսկ ինչ կա՞ ռուսական բեռնատարում։ Արցախի տեղեկատվալկան շտաբը մանրամասն ներկայացրել է ցանկը, քանի որ երեկվանից արցախցիներն իրենց հասած տեղեկությունն էին քննարկում՝ թե այդտեղ միայն վերմակներ են։ Վերմակ կա, բայց կան նաև սննդի փաթեթներ, որոնց մեջ մեկ լիտր ձեթ է, մեկ կիլոգրամ շաքարավազ, մսի պահածո, մակարոնեղեն, հիգիենիկ մի քանի պարագաներ, նաև ջերմաչափ, երեխաներին մանկական պյուրե և ձկան յուղ։ Մանկական փաթեթները 192 հատ են։ Պաշտոնական տվյալով, Արցախում 30 հազար երեխա է մեծանում։ Սննդի փաթեթը 1000 հատ է։ Արցախում 120 հազար մարդ է ապրում։

Աղդամով ճանապարհի գործարկման հենց առաջին օրը արցախցիները կարճ համարից SMS ստացան՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չպատասխանել այդ SMS-ին և խուճապի չմատնվել։

XS
SM
MD
LG