Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի՝ ՌԴ խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը, սակայն չի կարող պնդել, որ եթե նրանք չլինեին, վիճակն ավելի լավ կլիներ


Ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը, POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ չի կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ։

Փաշինյանը նախ հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անվտանգային սուր իրադրությունները՝ շփման գծի խախտումներ, Լեռնային Ղարաբաղի տարածքի ներխուժումներ։

«Մենք դեպք ենք ունեցել, երբ գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացին, ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և, ի վերջո, Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը, այս ամենը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության տիրույթում գտնվող հարցեր են։ Այս առումով՝ այնքանով, որքանով այդ պրոբլեմներն առաջացել են, այո՛, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը», - ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ձախողվել է, անգործությո՞ւնն է պատճառը, ուկրաինական պատերազմով գերզբաղվածությո՞ւնն է, թե՞ դա մտածված որոշում է՝ խուսփելու համար Ադրբեջանին և Թուրքիային զայրացնելուց, Ռուսաստանը որոշե՞լ է այդպես վարվել, թե՞ ուղղակի ձախողվել է, Հայաստանի գործադիրի ղեկավարը պատասխանեց՝ երկու գործոններն էլ ունեն որոշակի դերակատարում։

«Ուկրաինայի իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի հնարավորությունները փոխվել են, բայց մյուս կողմից, կարծում եմ, նաև կա երկրորդ գործոնը, որը Դուք նշեցիք․ թե՛ առաջին, թե՛ երկրորդ գործոնն, իմ գնահատմամբ, առկա է», - ասաց Փաշինյանը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

XS
SM
MD
LG