Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ Գևորգյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին


«Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղը ենթարկել ամբողջական էթնիկ զտման»

Ադրբեջանը պետք է ականջալուր լինի միջազգային հանրության կոչերին և դադարեցնի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով, Հայաստանի նախաձեռնությամբ երեկ Վիեննայում հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Ադրբեջանի կողմից պարտադրված՝ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության անմարդակին շրջափակումը և մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը, որն ուղեկցվում է առանցքային ենթակառուցվածքների՝ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման դիտավորյալ արգելափակմամբ, հանգեցրել է ծայրահեղ հումանիտար ճգնաժամի, ասել է փոխարտգործնախարարը՝ շեշտելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղը ենթարկել ամբողջական էթնիկ զտման։

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը համարելով հայերի դեմ տասնամյակներ շարունակվող ատելության հրահրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ավելի լայն պատկերի և էության մի մասը` Գևորգյանը դրանք ցեղասպանական մտադրության նախազգուշացնող նշաններ է որակել։

Փոխարտգործնախարարը նշել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիության անխոչընդոտ ապահովման և միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության հրատապությունը։

«Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և գործընկերները կձեռնարկեն բոլոր ջանքերը կանխելու մեր տարածաշրջանում հերթական ագրեսիան»

Դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերն և կուտակումները՝ փոխարտգործնախարարն այդ գործողություններն ուժի սպառնալիք է որակել՝ շեշտելով՝ սա վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի։

«Մինչ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու հանձնառությանը, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և մեր գործընկերները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած միջոցները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ագրեսիան», - ընդգծել է Վահե Գևորգյանը։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն հնարավոր Է կյանքի կոչել միայն ուժի կամ դրա ապառնալիքի և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների բացառման պայմաններում:

Ելույթում նաև ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ հատուկ միջազգային ջանքերի և Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության ամուր միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա շոշափելի արդյունքներ ապահովել գործընթացում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG