Մատչելիության հղումներ

Ռուսական բեռների ԼՂ հասնելու պայմանավորվածությունը «պետք չէ շփոթել Աղդամ-Ստեփանակերտ առաքման առաջարկի հետ». Հաջիև


Ռուսական Կարմիր խաչի կողմից Ռուսաստանի նախաձեռնած պարենային բեռները վաղը կշարժվեն Աղդամ-Ասկերան ճանապարհով դեպի Ստեփանակերտ՝ ադրբեջանական Կարմիր մահիկի հետ համաձայնեցված, սոցիալական ցանցում կեսգիշերն անց գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա շեշտել է, որ սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:

Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց ու հայ-ռուսական լարված հարաբերությունների պայմաններում երեկ հայտարարվեց, թե Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։

Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարել է, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ:

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության փոխնախագահ Ռովշան Ալիևն էլ ադրբեջանական լրատվամիջոցներին այսօր ասել է, որ երեկ կեսօրին այդ մեքենան «անցել է Սամուխի սահմանային անցակետով», «ժամը 03։00-ի սահմաններում այս մեքենան մտել է Բարդա քաղաք և սպասում է այնտեղ»։

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հաղորդեց, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ստեփանակերտը նշել էր նաև, որ այս քայլին դիմում են՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։

Ավելի վաղ արցախցիները թույլ չէին տվել, որ Աղդամ հասած ադրբեջանական Կարմիր մահիկի 40 տոննա ալյուրը մտնի Արցախ։ Բեռը դեռ կանգնած է Աղդամում։

XS
SM
MD
LG