Մատչելիության հղումներ

Արցախից այսօր 13 բուժառուներ տեղափոխվել են Հայաստան


Արցախից այսօր 13 բուժառուներ ուղեկցողների հետ միասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 5 բուժառուների։

Նախարարությունը նշում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Ադրբեջանն արդեն 8 ամիս է փակել է Լաչինի միջանցքը։ Բաքուն, որ շարունակ հայտարարում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, հունիսի 15-ից անցակետ է տեղադրել, արգելափակել է դեպի Արցախ հումանիտար բեռների մուտքը և հունիսի 15-ից ի վեր մինչև այսօր ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտել Լեռնային Ղարաբաղ։

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։ Ըստ ադրբեջանական կողմի՝ մեքենան մտել էր Բարդա քաղաք և սպասում էր այնտեղ։ Այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այն անցել է Աղդամի շրջանով և ուղևորվում է Ստեփանակերտ։ Հայկական կողմը հասատատեց տեղեկույթունը՝ նշելով, որ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Բաքուն նաև հայտնեց, որ համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

XS
SM
MD
LG