Մատչելիության հղումներ

Արգելվել է դաշնակցական Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան, ե՞րբ և ինչո՞ւ՝ երիտասարդ կինն ինքն էլ տեղյակ չէ


Դաշնակցական Արենի Մարկոսյանը, որ ԱՄՆ քաղաքացի է, երեկ Լիբանանից Հայաստան է եկել, բայց նրան արգելել են «Զվարթնոցից» դուրս գալ։

Երիտասարդ կինը օդակայանից ուղիղ եթերով պատմել է՝ անցակետում վերցրել են անձնագիրն ու չեն բացատրել, թե ինչո՞ւ։

Աշխատակցիներն, ըստ նրա, ասել են՝ «չգիտե՞ս, որ այսօր այստեղ պետք է անցկացնես»։

Դաշնակցական Մարկոսյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչից հետո անձնագիրը վերադարձրել են, բայց հետո նորից վերցրել։

Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասված է՝ «կապ է հաստատվել իրավասու մարմնի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ նրա մուտքը ՀՀ արգելված է, և անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար»։

Թե, ե՞րբ և ինչո՞ւ է Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան արգելվել, պնդում էր՝ ինքն էլ տեղյակ չէ։

Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որ երեկ կեսգիշերին օդակայանում էր, «Ազատությանն» ասաց՝ 24 ժամ «Զվարթնոցում» մնալուց հետո իրենց կուսակիցը վերադարձել է Լիբանան։

Թե ի՞նչ ցուցակ է ու քանի դաշնակցական կա այդ ցուցակում, Վարդանյանը չգիտեր։ Բայց այս տարի, ասաց, 6-րդ դաշնակցականն է, որ չի կարողանում Հայաստան մտնել։

Պատգամավորը վստահ է՝ պատճառն իրենց կուսակից ընկերների ընդդիմադիր հայացքներն են։

«Որպես պատգամավորներ, տարբեր դեպքերով հարցումներ ենք իրականացրել, որևէ հիմնավորում չի ներկայացվել դեպքերից որևէ մեկով։ 6 դեպքերում ազգությամբ հայերի միավորում է մեկ հանգամանք, որ իրենք անկաշկանդ իրենց տեսակետն են արտահայտում Հայաստանում վարվող քաղաքականության նկատմամբ, մասնակցում են տարատեսակ ցույցերի, կամ համայնքային միջոցառումների և չեն կաշկանդվում իրենց տեսակետն արտահայտել Հայաստանում ներկայումս իշխանության եղողների նկատմամբ։ Հանգամանքը դա է և մարդկանց դաշնակցական լինելը», - ասաց Վարդանյանը։

Նախորդ տարի էլ ֆրանսահայ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքն էր արգելվել Հայաստան։ Դեպքից միայն մեկ շաբաթ անց էր կառավարությունը պարզաբանել՝ ֆրանսահայ գործչի մուտքն արգելվել է, քանի որ նա Փարիզում վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակումն է կազմակերպել, ինչը Փափազյանը հերքել էր։

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը կարող է սահմանել ԱԱԾ-ն։ Այս կառույցից նախորդ նման դեպքերում չեն բացահայտել սփյուռքի դաշնակցականների մուտքը արգելելու որոշման պատճառները։

Ըստ օրենքի՝ արտասահմանցու մուտքը կարող է արգելվել, եթե հավաստի տեղեկություն կա, որ այդ անձը իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG