Մատչելիության հղումներ

Կառավարությունը Մուրադ Փափազյանին մեղադրում է Փարիզում վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպելու համար


Մեկ շաբաթյա լռությունից հետո կառավարությունը հայտնում է, թե ինչու է ֆրանսահայ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին արգելվել մուտնել Հայաստան։ Կառավարությունը անցանկալի անձանց շարքում հայտնված դաշնակցական գործչին մեղադրում է Փարիզում վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակումը կազմակերպելու համար։

Փաշինյանի շարասյան հետ կապված միջադեպն անցած ամառ էր տեղի ունեցել, Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր առարկաներով հարվածել էին մեքենաներին, որի հետևանքով հայ լրագրողներին տեղափոխող մեքենայի հայելին էր կոտրվել։ Արդյոք Ֆրանսիայում քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, Ֆրանսիայի դեսպանատնից դեռ չի հաջողվել պարզել։

Գործադիրը պարզաբանման մեջ, նշվում է, թե Հայաստանի համար անցանկալի անձանց թվում են հայտնվել նաև հարձակման ակտիվ մասնակիցները։

«Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում», - նշված է պարզաբանման մեջ:

Ուշագրավ է, որ նախօրեին «Ազատության» հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվել էին բացահայտել Փափազյանի մուտքն արգելելու հիմքերը՝ պատճառաբանելով, թե կխախտվի նրա անձնական կյանքի գաղտնիությունը։

Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի քաղաքացի է։ Օտարերկրացիների մասին օրենքն է սահմանում, թե որ դեպքերում է արգելվում արտասահմանցիների մուտքը Հայաստան։

Արգելքի պատճառներից է, օրինակ, որ օտարերկրացին իրականացնում է այնպիսի գործունեություն կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն։ Օտարերկրյա քաղաքացու կողմից գոյություն ունեն Հայաստանի պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ։ Կառավարությունը հենց այս հիմքերով է Փափազյանին ներառել անցանկալի անձանց ցանկում։

«Ստախոսություն է: Թող փաստեն ժողովրդին, ամեն օր չեն կարող սուտ խոսել», - ասաց ՀՅԴ բյուրոյի անդամը:

Փափազյանի համար անհեթեթ է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Դաշնակցական գործիչը կտրականապես հերքում է, թե ինքն է կազմակերպել ակցիան կամ մասնակցել է դրան։ Ասում է՝ տեղյակ չէ՝ այդ դեպքով քրեական գործ հարուցվել է, թե ոչ։ Ըստ նրա, ինքնաբուխ ակցիա է եղել, որին տարբեր հայացքներ ունեցող ֆրանսահայեր են մասնակցել։

«Այսինքն՝ նշանակում է, որ պետք է արգելեն բոլոր դաշնակցական ղեկավարների մուտքը Հայաստան, որովհետև իրենք ասում են, որ դաշնակցությունն է կազմակերպել այդ ցույցը: Նախ պետք է փաստեն իրենց ասածները, որովհետև մուտք արգելելը պետք է իրավական հիմք ունենա, իրավական փաստերով հիմնվի: Իրենք իրավական հիմք չունեն և փաստ չունեն», - նշեց նա:

Փաշինյանի քննադատ Փափազյանն իր մուտքի արգելքում միայն ու միայն քաղաքական պատճառներ է տեսնում ու հարցնում՝ ինչո՞ւ ավելի վաղ իրեն չեն արգել Հայաստան գալ, դեպքից հետո, ասում է, առնվազն 4 անգամ Երևան է եկել, վերջին անգամ այս գարնանը:

«Ինչո՞ւ 2021-ի հունիսի 1-ից մինչև 2022-ի հուլիսի 13-ը չարգելեցին, ինչո՞ւ չհարցաքննեցին», - ասաց դաշնակցական գործիչը:

Փափազյանը պատրաստվում է հնարավոր միջոցներով վերականգնել Հայաստան գալու իրավունքը, թե ինչ քայլեր է ձեռնարկելու առայժմ չի հստակեցնում:



XS
SM
MD
LG