Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն արգելել է Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետի ու նրա դստեր մուտքը Հայաստան


Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) արգելել է Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի ու նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, թե ինչո՞ւ, սահմանապահները ոչ հորը, ոչ էլ դստերը չեն պարզաբանել։

Մասիս Աբրահամյանը դեռ օդակայանի տարանցիկ հատվածում է, աղջիկը՝ Սյունեն արդեն վերադարձել է Նիդերլանդներ։

«12 ժամ սպասելուց հետո առանց պատճառի, անձնագիրս վերցրել են, մուտքս մերժեցին», - պատմեց Սյունե Աբրահամյանը:

Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանն» էլ դեռ չեն հայտնել՝ ի՞նչ պատճառով են արգելել դաշնակցական գործչի ու նրա դստեր մուտքը Հայաստան։ Գրավոր հարցում ենք ուղարկել։ Գերատեսչությունից նաև հետաքրքրվել ենք, թե Հայաստանի անցանկալի անձանց ցանկում քանի՞ դաշնակցական անձ է ներառված։

«Հետաքրքիր էր, որ աշխատակիցներից մեկին, երբ ասացի, որ ես մերժվել եմ Հայաստան մուտք գործելուց, ինձ ասացին՝ «ինչո՞ւ, դուք դշնակցակա՞ն եք», այսինքն մարդիկ արդեն գիտեն, որ հիմնականում դաշնակցականներին են մերժում», - ասաց Մասիս Աբրահամյանը:

Անցած ամիս էլ սահմանապահները ֆրանսահայ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին էին արգելել մտել Հայաստան։ Մեկ շաբաթյա լռությունից հետո կառավարությունից պարզաբանել էին, թե ֆրանսահայ գործչի մուտքն արգելվել է, քանի որ նա Փարիզում վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակումն է կազմակերպել։ Այսօր Կառավարությունից էլ փորձեցինք ճշտել արգելքի պատճառը, սակայն գործադիրից հորդորեցին դիմել ԱԱԾ։

«Յուրաքանչյուր սփյուռքի հայի համար մեծ մտահոգություն է, որ նա այսօր Հայաստան մուտք գործի, նրան թույլ կտա՞ն ներս մտնի Հայաստան, թե՞ ոչ», - ասաց ՀՅԴ գործիչը:

Մասիս Աբրահամյանը, որը վաղն է մեկնելու Երևանից, «Ազատությանն» ասաց՝ կասկած չունի՝ քաղաքական պատճառով է իր և աղջկա մուտքն արգելվել, հենց վարչապետի ցուցումով։

«Այս գործողությունը, որ ոչ միայն իմ նկատմամբ, այլ նաև Մուրադ Փափազյանի ու դստերս՝ Սյունե Աբրահամյանի նկատմամբ իրականցվել է, սա վերժխնդրության դրսևորում է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իրդե մեր կազմակերպած գործողությունների և ցույցերի կապակցությամբ: Նրան վստահաբար դուրս չեկան մեր քաղաքացիական գործողությունները», - հայտարարեց նա:

Աբրահամյանի խոսքով՝ ինքը կամ իր աղջիկը որևէ հակաօրինական բան չեն արել, իրենք օգտվել են իրենց քաղաքացիական իրավունքներից:

Դաշնակցությունը բողոքի ակցիա էր կազմակերպել այս տարվա մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորություն էր այցելել։ Բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորանքներ էին հնչեցնում ու տարբեր վանկարկումներ անում։

Աբրահամյանն ու ընտանիքի անդամները Նիդերլանդների քաղաքացիություն ունեն։ Օտարերկրացիների մասին օրենքի համաձայն է արգելվում արտասահմանցիների մուտքը Հայաստան։ Արգելքի պատճառներից կարող է լինել, օրինակ, որ օտարերկրացին իրականացնում է այնպիսի գործունեություն կամ այնպիսի կազմակերպության անդամ է, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, իրականացնել ահաբեկչություն։

Մասիս Աբրահամյանն ասաց, որ աղջկա հետ Երևան նաև կինն է եկել, սակայն նրան թույլատրել են մտնել Հայաստան։ Օգոստոսի 3-ին էլ որդին, հարսն ու թոռները պետք է գային, բայց արդեն հրաժարվում են, չնայած տոմսերն արդեն գնել էին։ Համոզված են՝ կրկին նույն խոչընդոտին են բախվելու

«Երևացող նպատակը Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի քաղաքականության դեմ ուղղված գործողությունների հակադարձում է սա», - հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Ամիսներ շարունակ փողոցային պայքարի միջոցով վարչապետի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ում ավելի քան վստահ են՝ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է լռեցնել իր ընդդիմախոսներին։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանը կառավարության քայլը համեմատում է բոլշևիկյան ժամանակաշրջանի հետ.

«Վարկաբեկել սփյուռքը, ներարկել նրանց մեջ հնարավոր վախեր, թե եթե քննադատությամբ հանդես գաք կամ ընդդեմ գործող իշխանությունների ինչ-որ ակցիաներ անեք, ապա իմացեք ձեր ճակատագիրը սա է: Նույնիսկ բոլշևիկների ժամանակ այս ծավալի, այս մակարդակի չէր լինում, ուր մնաց հիմա, երբ որ Հայաստանի, իբր, անկախ Հանրապետություն ունենք, և նման վարքագիծ է դրսևորում իշխանությունը», - նշեց Մինասյանը:

Մինչ կառավարությունը լռում է, Դաշնակցությունը պատրաստվում է գործադիրի դեմ հայցեր ներկայացնել դատարան ինչպես Մասիս Աբրահամյանի ու նրա աղջկա, այնպես էլ Մուրադ Փափազյանի դեպքով։

XS
SM
MD
LG