Մատչելիության հղումներ

Դաշնակցությունն ահազանգում է՝ ԱԱԾ-ն արգելել է արտասահմանում բնակվող իրենց ևս մեկ կուսակցի մուտքը Հայաստան


Ընդդիմադիր Դաշնակցությունն ահազանգում է՝ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) արգելել է արտասահմանում բնակվող իրենց ևս մեկ կուսակցի մուտքը Հայաստան։

«Էս քայլը ոստիկանական պետությանը բնորոշ քայլ է, էս քայլն արհեստական է, կեղծ է», - ասաց Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը:

Գարագավորյանը փետրվարին պետք է մասնակցեր Սյունիքում կայանալիք ՀՅԴ երիտասարդական համաշխարհային համագումարին, երեկ, սակայն, իմացել է՝ Հայաստան ժամանել չի կարող։ Ասում է՝ չեն էլ պարզաբանել պատճառը, պնդում է՝ սա քաղաքական հետապնդում է:

«Իրանք հիմնավորում են, որ ես անցանկալի անձ եմ Հայաստանի համար և նշված այդ տվյալի մեջ չկա որևէ բացահատիչ, կոնկրետ շոշափելի ինֆորմացիա», - նշեց Դաշնակցության անդամը:

Գարագավորյանը վերջին տարվա ընթացքում Դաշնակցության ծրագրերով Հայաստանում եղել է 4 անգամ, նաև Արցախ է այցելել ու նախկինում այսպիսի խնդիր չի ունեցել. «Էս անգամ գալու էի մասնակցելու ՀՅԴ երիտասարդական գրասենյակի կազմակերպած համընդհանուր վեհաժողովին, եթե կարելի է այդպես բնորոշել, որտեղ ՀՅԴ երիտասարդական ցանցի ամեն մի երկրի ներկայացուցիչներ միանալու էին և ամրապնդելու էին համագործակցության ձևերը: Ու իսկապես որոշելու էինք և որդեգրելու էինք մեր ապագա անելիքները հատկապես շեշտը դնելով Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերի վրա»:

Ազգային անվտանգության ծառայությունից չեն պարզաբանում դաշնակցականի մուտքն արգելելու որոշումը, միայն նշում են՝ դա անձնական տվյալ է և կարող է տրամադրվել միայն այդ անձին կամ լիազորվածին, եթե համապատասխան դիմում լինի։ Ամիսներ առաջ նման արգելքի էին բախվել նաև ՀՅԴ այլ անդամներ՝ ֆրանսաբնակ Մուրադ Փափազյանը, Նիդերլանդներից Մասիս Աբրահամյանն ու նրա դուստրը՝ Սյունե Աբրահամյանը։

Եթե Հայաստանի իշխանությունների դեմ ցույցի մասնակցած հոր և դստեր մասին հայաստանյան իշխանությունները պարզաբանում չտարածեցին, ապա Մուրադ Փափազյանի դեպքում բացատրեցին, թե արգելքի պատճառը 2021 թվականի ամռանը Փարիզում վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակումն էր։ Ինքը՝ Փափազյանը «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե որևէ կապ ունի այդ հարձակման հետ։

Օտարերկրացիների մասին օրենքով արտասահմանցու մուտքը կարող է արգելվել Հայաստան, եթե այդ օտարերկրացին իրականացնում է այնպիսի գործունեություն կամ այնպիսի կազմակերպության անդամ է, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն։

Թե Գարագավորյանի ինչ արարքի համար կարող էր սահմանվել մուտքի արգելքը, առայժմ պարզ չէ, երիտասարդ դաշնակցականն ասում է՝ ենթադրություններ չունի։

Գարագավորյանի մուտքի արգելքին կոշտ է արձագանքել Դաշնակցության արևմտյան եվրոպայի կենտրոնական կոմիտեն՝ ընդգծելով՝ իշխանությունները պատրանք չպետք է ունենան, որ նման «սին ու փոքրոգի իբրև թե ճնշամիջոցներով կարող են դաշնակցական երիտասարդության պայքարի ոգին կոտրել»։

Հայաստանի իշխանություններն առայժմ դաշնակցության մեղադրանքներին չեն արձագանքել։

XS
SM
MD
LG