Մատչելիության հղումներ

Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել. վարչապետ


«Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ»

Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ բանակցություններին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով:

«Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, խոսակցության, երկխոսության կողմ, և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում», - ասաց նա։

Բայց արդյո՞ք գոյություն ունի միջազգային մեխանիզմ, կան արդյո՞ք միջազգային կառույցներ կամ երկրներ, որ պատրաստ են այդ մեխանիզմի մաս կազմել, կամ ի՞նչ է արվում այն ձևավորելու ուղղությամբ. վարչապետը խոստովանեց՝ ավելի քան մեկ տարվա բանակցություններից հետո միջազգային մեխանիզմի մասին դեռ պատկերացում չկա:

«Այդ մեխանիզմների մասին վերջնական պատկերացումներ ձևավորված չկան, և կարծում եմ, որ այդ պատկերացումների ձևավորմանը նաև Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցություն ունենա, այսինքն՝ հստակ քաղաքական կամք և դիրքորոշում լինի այդ երկխոսությանը մասնակցելու, այդ երկխոսությունը կարևորելու», - նշեց նա։

Խոսելով հնարավոր խաղաղության պայմանագրի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռ հստակ չէ դրանում Լեռնային Ղարաբաղի հարցը ընդգրկել-չընդգրկելու խնդիրը. - «Մտածելու հարց է ընդհանրապես, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղին, այսինքն՝ համապարփակ լուծում, թե այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանությամբ, և այս հարցում մենք որոշում չունենք»։

Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու հարց Փաշինյանը չի քննարկել՝ «մանդատ չունի»

Վերջերս Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցող Շառլ Միշելը Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունից խոսելուց բացի, նաև կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Արդյո՞ք այդ հարցը քննարկվել է բանակցությունների ընթացքում. Փաշինյանը հայտարարեց, որ նման հարց չի քննարկել, քանի որ ինքը նման մանդատ չունի. - «Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետև չեմ կարծում, թե ընդհանրապես նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, որի ստորագրողներից մեկը ես եմ՝ Հայաստանի Հանրապետությունը»։

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ պաշտոնական Երևանը այդ դեպքում Շառլ Միշելի և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին որևէ կերպ չարձագանքեց, ՀՀ ղեկավարը պատասխանեց. - «Որովհետև մենք մանդատ չունենք այդ հարցը քննարկել, որովետև արձագանքն էլ ինքնին նշանակում է այդ հարցը քննարկել, մենք մանդատ չունենք, մենք կարող ենք քննարկել այն հարցը, որի քննարկումը վերաբերվում է մեզ»։

Երևանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարց չի քննարկում

Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ «արևմտյան ադրբեջանցիների» Հայաստան վերադարձի հարցին, որն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննարկվել էր բանակցությունների ընթացքում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը փորձել է Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցին հակադրել Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը, իսկ ինքը հակադարձել է, որ այդ երկու հարցերը համարժեք չեն. - «Մեր արձագանքը եղել է և շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման Լեռնային Ղարաբաղի հայության թեմայի հետ համարժեք չէ, եթե կա այդպիսի թեմա, այլ համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գանջայից, Նախիջևանից, ես հիմա բոլոր բնակավայրերը կարող եմ չթվարկել, հայերի իրավունքների և անվտանգության թեմային»։

Երևանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարց չի քննարկում, հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ նշելով՝ Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայության սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը։

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Փաշինյանը նշեց՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա կնշանակի, որ Լեռնային Ղարաբաղում վտանգ այլևս չկա։

«Ռուսաստանի Դաշնության նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ գործուղել խաղաղապահ զորախումբ բնակչության զանգվածային սպանդը կանխելու ուղղությամբ։ Հիմա եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում նման վտանգ այլևս չկա»։

Հարցին՝ եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը, գործադիրի ղեկավարը պատասխանեց՝ չի ցանկանում նման սցենար քննարկել՝ շեշտելով՝ իր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն։

«Եվ իմ ասելիքի հիմնական ուղերձը դա էր այսօր»,- շեշտեց նա։

Աշխարհում վիճակը շարունակում է լարված մնալ, նախկին աշխարհակարգն արդեն չկա. Փաշինյան

Մինչ այդ, նախքան հարցերին պատասխանելը վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, նշելով, որ աշխարհում վիճակը շարունակում է լարված մնալ, նախկին աշխարհակարգն արդեն չկա, նորը դեռ չի ձևավորվել, անորոշությունների շրջանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն են, կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG