Մատչելիության հղումներ

«Խաղաղության պայմանագրի համար Հայաստանը պետք է ստորագրի, որ ճանաչում է ԼՂ և ութ անկլավները Ադրբեջանի կազմում». Ալիև


«Խաղաղության պայմանագրի համար Հայաստանը պետք է ոչ միայն հայտարարի, այլև ստորագրի, որ ճանաչում է Ղարաբաղն ու ութ անկլավները Ադրբեջանի կազմում»,- չինական Media Group media corporation-ին ասել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն ընդգծել է՝ այդ դեպքում պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում։

«Հայաստանն արդեն շատ կարևոր հայտարարություն է արել, և ոչ միայն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անցած հոկտեմբերին, այլև այս մայիսին հստակեցրել, որ ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչպես մենք էինք պահանջել։ Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ, ինչը նշանակում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավները ներառյալ։ Դրանից հետո մնացել է մեկ բան, որ դա ամրագրվի թղթի վրա և ստորագրվի», - ասել է Ալիևը։

Ընդ որում, խոսելով Ղարաբաղի հայերի մասին, Ալիևը կրկին պնդել է, թե հավելյալ միջոցառումների ու երաշխիքների կարիք ամենևին չկա․ Ադրբեջանի սահմանադրությունը լիուլի բավարար է նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:

«Հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի», - ասել է նա։

Հայաստանի նախագահն, իր հերթին, հարցազրույց է տվել տեղական «Լա ռեպուբլիկա» պարբերականին, ընդգծելով, որ Բաքվի հռետորաբանությունը ագրեսիվ է և մտահոգիչ։

«Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի», - պնդել է Վահագն Խաչատուրյանը, կրկին նշելով, թե Բաքուն ուզում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

Ժամեր անց Իտալիայում Ադրբեջանի դեսպանը նույն թերթում պատասխանել է Հայաստանի նախագահին ու կրկին մեղադրել հայկական կողմին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Չնայած պաշտոնական Երևանի շարունակական հայտարարություններին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվորներ չունի, ադրբեջանցի դեսպանը գրել է՝ «տասը հազար հայ զինվորականներ դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և ադրբեջանական ութ գյուղեր դեռ մնում են օկուպացիայի տակ»։

Բաքվի հռետորաբանությանը վերջին օրերին միացել են նաև անկախ վերլուծաբաններն ու լրատվամիջոցները

Ընդ որում, Ադրբեջանի պաշտոնական այս հռետորաբանությանը վերջին օրերին միացել են նաև անկախ վերլուծաբաններն ու լրատվամիջոցները։ Ընդդիմադիր հայացքներով հայտնի «Թուրանի» խմբագիր Շահին Հաջիևը գրել է՝ «Ղարաբաղում ապօրինի խմբավորումների դեմ սպասվող ռազմական գործողությունը վերջին շաբաթներին ամենից շատ քննարկվող թեմաներից է, և միայն ժամանակի հարց»։ ​

«Քարտեզի վրա վերլուծելով առաջիկա գործողության պարամետրերը՝ ռազմական փորձագետները նշում են դրա առավել տրամաբանական տարբերակները», - գրում է «Թուրանի» խմբագիրը, մատնանշելով՝ քանի մարդ է ապրում Լեռնային Ղարաբաղում, քանի զինվոր ու ինչպիսի զինտեխնիկա կա այնտեղ՝ իրենց հաշվարկներով, Արցախի որ համայնքները կարող են հայտնվել հարձակման թիրախում և ինչպես։

Զուգահեռ ադրբեջանցի վերլուծաբանները շարունակում են պնդել՝ Ղարաբաղի հայերի համար բաց է Աղդամով օգնություն ստանալու հնարավորությունը, չթաքցնելով, որ դա նպատակ ունի ճանապարհ բացել ինտեգրման համար։

«Եթե հայ համայնքը ընդունի մարդասիրական օգնությունը, դա նախադեպ կստեղծի, գուցե ոչ զանգվածաբար, որ նրանք նաև Ադրբեջանի քաղաքացիությունն ընդունեն մոտ ապագայում», - Թվիթերում գրել է քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG