Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում. Լավրով


Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների, այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Փաստաթղթերի բովանդակությունը, սակայն, Սերգեյ Լավրովը չի մանրամասնել։

«Կուզենայինք հատուկ ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու շուրջ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Պատրաստ ենք ամեն կերպ դրան աջակցել, այդ թվում՝ հարթակ տրամադրել ստորագրման համար»,- ասել է Լավրովը։

Միաժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ շարունակական ուշադրության կենտրոնում են «Լեռնային Ղարաբաղին վերաբերող և դրա հետ կապված բոլոր հարցերը»։

«Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը։ Սա առանցքային հարցերից մեկն է»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։

Ադրբեջանական կողմը հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ այս հարցերին որևէ կերպ չի անդրադարձել։ Նշվում է միայն, որ «նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ռուս-ադրբեջանական, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

XS
SM
MD
LG