Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ խմբի վերջի նիստին շոշափելի առաջընթաց է նկատվել. Փաշինյան


Տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի վերջի նիստի ընթացքում շոշափելի առաջընթաց է նկատվել, այսօր Սոչիում Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ուրախ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հունիսի 2-ի մոսկովյան հանդիպման արդյունքներից։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային և տնտեսական տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքի շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Սա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում», - ասել է նա։

Հայաստանի վարչապետը, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ առաջընթացի մասին է խոսքը։ Փաշինյանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի կոնկրետ լուծման հասնել. - «Մենք ներկայացրել ենք մեր կոնկրետ առաջարկները, և հույս ունեմ, որ դրանք կընդունվեն։ Սկզբունքորեն այնպես չէ, որ դրանք մեր առաջարկներն են, փոխզիջումային լուծում է, որը մենք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում»։

Մոսկովյան հանդիպումից առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ակնարկել էր, որ ապաշրջափակման բանակցություններում չկա փոխհամաձայնություն, որ ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո։

«Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել։ Միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ՝ ո՛չ, չենք քննարկելու նման հարց», - ասել էր նա։

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի հունիսի 2-ին կայացած հանդիպումը պաշտոնական Երևանը կառուցողական էր որակել ու հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում էական առաջընթացի մասին։

Հանդիպումից հետո Երևանն ու Մոսկվան նույնաբովանդակ հաղորդագրություններ էին տարածել, թե ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: Կողմերը, սակայն, չէին հստակեցրել՝ ինչ քայլերի մասին է խոսքը, արդյոք ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն կա, թե ոչ։ Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։

Իր հերթին, Ռուսաստանի վաչապետ Միխայիլ Միշուստինն այսօր հայտարարել է, որ համակարգված աշխատանք է տարվում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ. - «Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին համապատասխան մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, ստեղծվում են ենթակառուցվածքային նոր ուղիներ»։

Հայաստանի վարչապետը Սոչիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: Ուշագրավ է, որ ռուսական կողմը Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ներկայացրել է որպես Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերի միջև բանակցություն։

Հայաստանի կառավարությունը հաղորդում է Փաշինյան-Միշուստին հանդիպման մասին։

Սոչիում Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերն անդրադարձել են նաև տնտեսական երկկողմ տնտեսական հարցերին, հայտարարել առևտրաշրջանառության աճի մասին։ Ըստ Ռուսաստանի վարչապետի՝ հունվար-ապրիլին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի կամ ավելի քան 660 մլրդ հայկական դրամ: Իր հերթին, Փաշինյանը հայտատարել է բավականին մեծ ներրումային ակտիվություն մասին: Կողմերը քննարկել են նաև Վերին Լարսի անցակետի խնդիրը։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմը խոստացել է անցակետի թողունակությունը օրական դարձնել 1500 բեռնատար՝ 1000-ի փոխարեն։










Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG