Մատչելիության հղումներ

Հայաստանը նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծել


Մեծամորի ատոմակայան
Մեծամորի ատոմակայան

Ուսումնասիրվում են և՛ ամերիկյան, և՛ ռուսական տարբերակները

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյայի հայտարարությունից երկու շաբաթ անց Հայաստանի կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծել, որը պետք է ուսումնասիրի փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարությունը։

«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիության գնահատում ենք անում, ինչը կարող է նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը», - ասել էր ամերիկացի պաշտոնյան։

13 անձից կազմված խումբը կղեկավարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Խմբում կաշխատեն նաև շրջակա միջավայրի, էկոնոմիկայի ու ներքին գործերի փոխնախարարները, մի շարք այլ պաշտոնյաներ ու ոլորտային մասնագետներ։ Խմբի ղեկավար Վարդանյանը երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների մասին պետք է տեղեկացնի վարչապետ Փաշինյանի աշխատակազմին։

Ինքը՝ վարչապետը, հաստատել էր, որ էներգաբլոկ կառուցելու հարցում ամերիկյան կողմի հետ բանակցում են, բայց տվել էր նաև Ռուսաստանի անունը։

«Շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցով։ Այդ բանակցությունները վարվում են Ռուսաստանի Դաշնության հետ, այդպիսի բանակցություններ վարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այդպիսի բանակցություններ վարվում են նաև երրորդ երկրների հետ», - անցած շաբաթ խորհրդարանում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքային խմբի քարտուղարը տարածքայինի էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն է։ Ասում է՝ ուսումնասիրում են և՛ ամերիկյան, և՛ ռուսական տարբերակները։ Առայժմ դժվար է ասել, թե որ երկրի հետ կհամագործակցեն, բայց պաշտոնյան շեշտում է՝ ամերիկյան մոդուլյար ռեակտորները ավելի հեշտ և հարմար կլինի տեղադրել. - «Պետք է մեր աշխատանքի արդյունքում նաև պարզենք էներգաբլոկի համատեղելիությունը մեր էներգահամակարգի հետ, դրա տեխնոլոգիայի ընտրությունը, հաշվի առնի նաև ֆինանսավորման կառուցվածքը, այլ չափորոշիչներ, որպեսզի մեր համակարգի հուսալիությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագները որևէ կերպ չտուժեն այս գործընթացի արդյունքում»։

1979-ին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։ Դրանից հետո այն պետք է կանգ առնի։

Վերջին տարիներին պարբերաբեր խոսվում է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորության մասին։

Անցած տարի, օրինակ, Հայաստանում էր «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի տնօրենը, որը վարչապետի հետ հենց այս հարցն էր քննարկել, բայց այդ հանդիպման մանրամասները չհաղորդվեցին։ Ընդ որում, անցած տարի գործադիրից հայտարարում էին, թե հենց ռուսական կողմի հետ քննարկումներն են առարկայական փուլ մտել, Երևանն ու Մոսկվան համատեղ աշխատանքային խումբ էին ստեղծել, մոտավոր արժեքի մասին էլ էին խոսում՝ 5-ից 13 միլիարդ դոլար։

Որ տարբերակի վրա էլ կանգ առնեն, այն, պաշտոնյայի խոսքով, 2036-ին պետք է պատրաստ լինի ու միանգամից փոխարինի Մեծամորի ատոմակայանին. - «Տեղի ունեցող զարգացումները նաև հուշում են, որ հնարավոր է, որ մոդուլյար ռեակտորները նաև մատչելի լինեն։ Փորձը ցույց է տալիս, որ առնվազն վեցից ութ տարի տևում է նմանատիպ կայանների շինարարությունը, և առաջիկայում պատշաճ ժամկետում մենք պետք է իրականացնենք այդ աշխատանքները, որպեսզի սահմանված ժամկետներում հասցնենք անել»։

Արևմտյան սանկցիաների պատճառով ռուսական տարբերակը պակաս իրատեսական է. տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ արևմտյան սանկցիաների պատճառով ռուսական տարբերակը պակաս իրատեսական է։ Այդչափ ֆինանսներ ներգրավելը շատ բարդ կլինի, ասում է նա. - «Ռուսական ատոմային տեխնոլոգիաները, ատոմային ընկերությունները գտնվում են սանկցիաների տակ, և Հայաստանը չէր կարողանա հեշտությամբ գումարներ կամ դոնորներ գտնել նոր ատոմակայանի կառուցման համար»։

Տնտեսագետի տպավորությամբ՝ Երևանն արդեն կողմնորոշվել է՝ ամերիկյան տարբերակն ավելի իրատեսական են համարում. - «Հայաստանն իր համար քաղաքական որոշում է կայացրել՝ դիվերսիֆիկացնել իր էներգետիկ կախվածությունը, էներեգտիկ համակարգը՝ նախընտրելով ամերիկյան, այսպես ասած, ատոմային տեխնոլոգիաները ռուսականին։ Այստեղ քաղաքական գործոնն է ավելի շատ, որովհետև տնտեսական նպատակահարմարությունն այս պահին որևէ հիմնավորում չունի», - ասաց նա։

Մասնագետները նաև շեշտում են՝ մոդուլյար ռեակտորները մեկ այլ առավելություն էլ ունեն՝ դրանք շատ ավելի անվտանգ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG