Մատչելիության հղումներ

Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու հայ-ռուսական աշխատանքային խումբը սկսել է աշխատանքները  


Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ, և այդ նպատակով Երևանն ու Մոսկվան համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել, այսօր «Ազատությանը» հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, ով պատասխանատու է էներգետիկ հարցերի համար։

Պաշտոնյան ընդգծեց՝ խումբն արդեն իսկ սկսել է աշխատանքները. «Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկին, մենք ոչ միայն հակված ենք, մենք երկկողմանի ստեղծել ենք աշխատանքային խումբ, աշխատանքային խումբն աշխատում է, արդեն առաջին համատեղ նիստն ունեցել ենք: Այս պահին տեխնիկա-տնտեսական հիմնավորման վրա ենք աշխատում, և այո, մենք կառուցելու ենք նոր էներգաբլոկ»:

Հայաստանի վարչապետի օրերս Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Փաշինյանն ու Պուտինը համատեղ հայտարարություն ընդունեցին: Դրանում պատրաստակամություն էին հայտնել ընդլայնել համագործակցությունն ատոմային էներգիայի բնագավառում, նաև նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ։

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները քննարկում են հայկական նոր ԱԷԿ-ի հարցը։ Նախորդ տարվա ապրիլին ևս՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ, Փաշինյանը հայտարարել էր, թե մտադիր է քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը, թեև փակ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ թեմային անդրադարձ չեղավ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարն ընդգծեց՝ Հայաստանի բոլոր կառավարությունները որոշումներ են ունեցել ատոմային երկիր մնալու մասին, մինչդեռ Մեծամորի ատոմակայանը հնարավոր չի լինի շահագործել 2036թ.-ից հետո։

«Նոր էներգաբլոկի կառուցումը տարբեր գնահատականներով 8-10 տարի է տևում այն պահից սկսած, որ արդեն նախագծային փուլ է մտնում, ինչը նշանակում է, որ եթե օրինակ` 1-2 տարի հետո մենք մտնենք այդ փուլ, մենք 2033-2034 թվականին կարող ենք ունենալ նոր էներգաբլոկը», - նշեց նա:

Հայ-ռուսական աշխատանքային խումբը նոր ԱԷԿ-ի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները պատրաստելուց հետո նախևառաջ պետք է հստակեցնի, թե Հայաստանին ինչ հզորության, հետևաբար՝ ինչ արժողությամբ նոր ատոմակայան է հարկավոր, ու ինչպես է լուծվելու ֆինանսավորման հարցը։

«Այս պահի դրությամբ արդեն Ռուսաստանն առաջարկներ ունի փոքր էներգաբլոկների, բայց ես համոզված չեմ, որ մենք կգնանք հենց փոքր մոդուլյար էներգաբլոկների կառուցման ճանապարհով: Հազար մեգավատտանոց է ստանդարտ բլոկը, և հետո ստանդարտ բլոկը մեկ արժեք ունի, ոչ ստանդարտ բլոկները` մեկ այլ արժեք` մեկ կիլովատտի դրվածքային առումով: Դրանք շատ-շատ տարբեր են: Պատկերացրեք` մենք, ենթադրենք, կառուցում ենք 600 մեգավատտանոց ոչ ստանդարտ բլոկ, որն արժենում է ավելի թանկ, քան հազար մեգավատտանոցը», - նկատեց Հակոբ Վարդանյանը:

Նոր ԱԷԿ-ը կարող է աժենալ 5-ից 13 միլիարդ դոլար

Ըստ Վարդանյանի` նոր ԱԷԿ-ի շուրջ Երևանը քննարկումներ ունեցել է նաև ֆրանսիացիների ու ամերիկացիների հետ, սակայն ռուսական կողմի հետ է գործընթացը ստացել առարկայական բնույթ։ Վերջին հաշվարկների համաձայն` հազար մեգավատտանոց նոր ատոմակայանի կառուցումը կարող է արժենալ 5-ից մինչև 13 միլիարդ դոլար։

«Խոսքը գնալու է դոնոր կազմակերպությունների հետ աշխատանք, այդ թվում` Ռուսաստանից, որովհետև անկախ նրանից` երկիրն ունակ է, թե ունակ չէ, աշխարհում էներգահամակարգում ներդրումներն այդ մոդելով են գնում: Հարևան Թուրքիայում հիմա 4 էներգաբլոկ են կառուցում, բայց ամբողջությամբ վարկային ռեսուրսներ են», - նկատեց նա:

ԱԷԿ-ը էներգետիկ անվտանգության և անկախության հարց է լուծում. Մարջանյան

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանն ասում է՝ Հայաստանի համար ատոմակայանի գոյությունը էներգետիկ անվտանգության և անկախության հարց է լուծում. «Ատոմակայանն իրենից ներկայացնում է երաշխավորված հզորության աղբյուր, ընդունելի իր սակագներով և տարեկան ընդամենը մեկ անգամ լիցաքավորումով, որից հետո առնվազն մեկ տարի ատոմակայանը գործում է, կարելի է ասել, ավտոնոմ: Այլ լուծում դա կարող է լինել մեծ ջրային ռեզերվուարով խոշոր հիդրոկայան, ցավոք սրտի կարծես թե, Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս մտածել այդչափ մեծ հիդրոկայանի մասին»:

Կարո՞ղ է Հայաստանը մտնել նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ 5-13 միլիարդ դոլար վարկի բեռի տալ, Մարջանյանն ասում է՝ դա կախված է երկրի տնտեսական զարգացումից. «Հոռետեսական սցենարների պարագայում, այն է` հակամարտության շարունակում, անընդհատ պատերազմի վտանգի առկայություն, էներգատրանսպորտային շրջափակում, բնականաբար, այդ հոռետեսական սցենարի պարագայում այդպիսի մասշտաբային ծրագիր Հայաստանն ունակ չի լինի իրականացնել, հակառակը` լավատեսական սցենարի պարագայում Հայաստանն ունակ կլինի կառուցել նոր ատոմային բլոկ և նույնիսկ 1000-1200 մեգավատտ հզորությամբ նոր ատոմակայան»:

Դեռևս 2015թ. Ռուսաստանը Հայաստանին 270 միլիոն դոլար վարկ ու 30 միլիոն դոլար դրամաշնորհ հատկացրեց՝ Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար, ծրագիրը պետք է ավարտվի 2026թ.-ին։ Այդ վարկից Հայաստանը ծախսել է մոտ 170 միլիոնը, մնացածն իրականացրեց սեփական միջոցներով։

Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու հայ-ռուսական աշխատանքային խումբը սկսել է աշխատանքները
please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00

XS
SM
MD
LG