Մատչելիության հղումներ

Ատոմային էներգետիկայի ոլորտի պաշտոնյայի կարծիքով՝ ԱԷԿ-ը կարող է աշխատել ևս 30 տարի


Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մեծամորի ատոմակայան, 23-ը հունվարի, 2016 թ․

Մեծամորի ատոմակայանն աշխատելու է ևս 10 տարի, կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականը: Ելույթ ունենալով նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստին, այսօր այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, շեշտելով՝ 2027 թվականից հետո կիրականացվի նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:

Մեծամորի ատոմակայանի փակման մասին լուրեր սկսեցին շրջանառվել մոտ 2 շաբաթ առաջ, երբ հրապարակվեց Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը։ Փաստաթղթի՝ էներգետիկ համագործակցությանն ու ատոմային անվտանգությանը վերաբերող բաժնում առանց ժամկետների հստակեցման նշված է, որ անհրաժեշտ է փակել Մեծամորի ատոմակայանը և իրականացնել դրա փոխարինումը նոր հզորություներով:

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանն այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, որ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի բովանդակությանը ծանոթ չէ։ «Չեմ կարծում, որ մի բան կթելադրվի մեզ, պայման կդրվի՝ ատոմակայանը կանգնեցնել և այլն»,- ասաց Վահրամ Պետրոսյանը: Ըստ նրա՝ այս պահին նախատեսված է փակել 1976 թվականին շահագործման հանձնված առաջին էներգաբլոկը, իսկ երկրորդը՝ որը շահագործվել է 1980-ին, ներկայումս վերանորոգվում է Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի միջոցներով։

Վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020 թվականին։ Մասնագետը վստահ է՝ 10 տարի հետո երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է էլի երկարաձգել։ «Մեր երկիրն այնքան հարուստ չի, որ նման լավ բլոկ ունենալով՝ 10 տարի հետո կանգնեցնի: Հարուստ երկրները երկարացնում են մինչև 30 տարով, մենք ինչու՞ պետք է 10 տարի հետո կանգնեցնենք»,- հարց է տալիս Պետրոսյանը:

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի այսօրվա նիստի ժամանակ նախագահ Սարգսյանը խոսել է նաև նոր միջուկային բլոկների ներդրման ծրագրի մասին: Դա, ըստ Սարգսյանի, կիրականացվի 2027-ից հետո։ Նկատենք՝ նոր ատոմակայան կառուցելու խոստումներ Սերժ Սարգսյանը հնչեցրել էր նաև 9 տարի առաջ։ 2008 թ․ հոկտեմբերի 2-ին ժողովրդին ու Ազգային ժողովին հղած իր ուղերձում նախագահ Սարգսյանը հայտարարել էր՝ առաջիկա ամիսներին Հայաստանը սկսելու է նոր ատոմակայանի կառուցումը: Այդ ծրագիրը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց։

Վերջերս «Ազատության» հետ զրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չէր բացառել, որ իշխանությունը կարող է հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից, եթե գտնվեն էներգաարտադրության ավելի արդյունավետ ձևեր։ Այս առնչությամբ այսօր «Ազատությունը» հարց ուղղեց նաև Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին։

«Այլընտրանքային էներգիան մեր երկրին անհրաժեշտ է, այդ ուղղությունները պետք է անպայման զարգացնել: Ինչ մնում է ատոմային էներգետիկային, մենք դրան այլընտրանք չունենք»,- պատասխանեց Վահրամ Պետրոսյանը: Ըստ մասնագետի՝ նոր ատոմակայանի կառուցման համար կպահանջվի մոտ 3,5 միլիարդ դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG