Մատչելիության հղումներ

Հայաստանն այս պահին նոր ատոմակայանի կառուցումը սկսելու կարիք չունի, քանի որ Մեծամորի ատոմակայանը պետք է աշխատի մինչև 2027 թվականը, «Տնտեսական Ազատություն» հաղորդման եթերում այսօր հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Փոխվարչապետի խոսքով, եթե Հայաստանը հիմա սկսի ատոմակայանի կառուցումը և այն ավարտին հասցնի նախատեսված հինգ տարում, 2022-23 թվականներին փաստացի կունենանք երկու ատոմակայան, որոնք միասին կարտադրեն ավելի շատ էլեկտրականություն, քան դրա անհրաժեշտությունը կա:

«Եթե մենք այս պահին սկսենք նոր ատոմակայանի կառուցումը, դա կլինի ժամանակավրեպ, որովհետև մենք մեծ քանակությամբ ռեսուրսներ այդտեղ կկենտրոնացնենք, և կսկսենք մի բան, որը պետք է աշխատեցնենք, երբ նրա ռեսուրսը չի սպառվելու», - նշեց փոխվարչապետը: - «Մինչ այդ՝ մենք ամեն տարի պարբերաբար նայում ենք մեր տնտեսության պահանջարկը, աշխարհում գոյություն ունեցող զարգացումները և այլն», - նշեց նա:

Փոխվարչապետը նաև նշեց, որ իշխանությունները այս պահին դիտարկում են նոր ատոմակայանի կառուցումը 2023 թվականից սկսելու հնարավորությունը, բացի այդ՝ երկրի էներգետիկ ռազմավարությունը սահմանող փաստաթղթում վերանայվել է կառուցվելիք ատոմակայանի հզորությունը, նախատեսվում է 1,000 ՄՎտ-ի փոխարեն 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը:

«Եթե մենք 10 տարի առաջ խոսեինք 600 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի մասին, ապա այդպիսիք համարյա չէին արտադրվում: Մոտակա տարիներին կսկսեն շարք մտնել շատ ավելի փոքր հզորություն ունեցող ատոմակայաններ՝ ավելի էժան և ավելի մոբիլ, 50 Մվտ հզորությամբ բլոկներով», - նշեց Վաչե Գաբրիելյանը: - «Մենք անընդհատ անում ենք հաշվարկներ մեր առկա էներգետիկ հզորությունների վերաբերյալ, այդ թվում ավելացնում ենք վերականգնվող աղբյուրներից ստացվողը, որպեսզի հասկանանք, երբ այն պահը գա 2022-23 թվականներին, երբ պետք է կառուցենք՝ մեր լավագույն ընտրությունը կառուցելու ինչն է: Որովհետև կարող է այդ պահին կարիք լինի ոչ թե 600 ՄՎտ, այլ 700 կամ 400 ՄՎտ հզորությամբ ատոմակայան կառուցել», - հավելեց փոխվարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG