Մատչելիության հղումներ

Կառավարությունը չի բացառում, որ կարող է հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից


Մեծամորի ատոմակայանը, արխիվ
Մեծամորի ատոմակայանը, արխիվ

Հայաստանի կառավարության ներկայացուցիչն առաջին անգամ հրապարակավ չի բացառում, որ իշխանությունները կարող են հրաժարվել նոր ատոմակայանի կառուցուման գաղափարից: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որի տեքստը հրապարակվեց օրերս, առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով:

Այսօր, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք կառավարությունը մտադիր է հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման մտադրությունից, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ: Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, և ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան շատ ավելի թանկ կլինի սպառողների համար: Որ՞ ճանապարհով մենք պետք է գնանք: Անշուշտ՝ ժամանակակից տեխնոլոգիաների»:

Ճշտող դիտարկմանը, թե կառավարությունը, փաստորեն, չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժավել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, Հարությունյանն արձագանքեց․ «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը և կառավարության դիրքորոշումը, որ մենք յուրաքանչյուր անգամ գնահատելու և որոշելու ենք, հաշվի առնելով գիտության զարգացման, էներգակիրների գների, այլ տենդենցները, թե տվյալ իրավիճակում որ մոդելն է առավելագույն արդյունավետ լինելու Հայաստանի սպառողի համար»:

Ավելի քան ինը տարի առաջ՝ 2008 թ․ հոկտեմբերի 2-ին ժողովրդին ու Ազգային ժողովին հղած իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ՝ առաջիկա ամիսներին Հայաստանը սկսելու է նոր ատոմակայանի կառուցումը: Սակայն անցած տարիներին ինչպես այս, այնպես էլ նախագահ Սարգսյանի խոստացած մյուս մեգանախագծերը (հայ-իրանական երկաթուղին, համահայկական բանկը և այլն) կամ մնացին թղթի վրա, կամ այդպես էլ ավարտին չհասնելով՝ դադարեցրին իրենց գոյությունը:

Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլարի վարկով և 30 միլիոն դոլարի դրամաշնորհով Մեծամորի ատոմակայանը ներկայումս վերանորոգվում է, նախատեսված է, որ այն կաշխատի մինչև 2027 թվականը: Հուլիսին «Ազատության» հետ զրույցում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը կարող է սկսվել 2022-2023 թթ․, ընդգծելով՝ իշխանությունները չեն հրաժարվում նոր ատոմակայանի կառուցման ծրագրից:

Փոխվարչապետի խոսքով, եթե Հայաստանը հիմա սկսի ատոմակայանի կառուցումը և այն ավարտին հասցնի նախատեսված հինգ տարում, 2022-23 թվականներին փաստացի կունենանք երկու ատոմակայան, որոնք միասին կարտադրեն ավելի շատ էլեկտրականություն, քան դրա անհրաժեշտությունը կա: «Եթե մենք այս պահին սկսենք նոր ատոմակայանի կառուցումը, դա կլինի ժամանակավրեպ, որովհետև մենք մեծ քանակությամբ ռեսուրսներ այդտեղ կկենտրոնացնենք, և կսկսենք մի բան, որը պետք է աշխատեցնենք, երբ նրա ռեսուրսը չի սպառվելու», - նշել էր փոխվարչապետը:

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանն «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ Հայաստանը չի կորցնի ատոմակայանը, որովհետև այն 400 մեգավատ երաշխավորված հզորություն է ապահովում: «Ընդգծեմ՝ երաշխավորված հզորությունն այստեղ ունի առաջնային նշանակություն: Այն էներգետիկ համակարգին տալիս է երկարաժամկետ պլանավորման հեռանկար և ապահովում է երկրի տնտեսական զարգացումը»,- ասաց Մարջանյանը: Նրա խոսքով, այդ հզորությունն այլընտրանքային համարժեք հզորություններով փոխարինելու հնարավորություն Հայաստանն այսօր չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG