Մատչելիության հղումներ

Պարենային ապրանքներն էժանանում են, սակայն ըստ տնտեսագետի՝ գնաճը դեռ հաղթահարված չէ


Հայաստանում գնաճի տեմպերը զգալի դանդաղել են. մի շարք պարենային ապրանքներ, ըստ պաշտոնական վիճակագրության, շարունակաբար էժանանում են։

Տարվա կտրվածքով 22.3 տոկոսով էժանացել է բանջարեղենը, 17.3 տոկոսով՝ յուղն ու ձեթը։ Ցորենի գինը նվազել է 21.4 տոկսով, ոսպինը՝ 18.4-ով, նպարեղենի այլ տեսակներ նույնպես էժանացել են։ Ամսվա կտրվածքով ևս երևում են նվազման միտումները. ձեթն, օրինակ, էժանացել է 4 տոկոսով, մոտ 1.5 տոկոսով՝ հացը, շուրջ 2 տոկոսով էլ՝ պանիրը։

Որոշ ապրանքներ, սակայն, թանկացել են՝ 3.4 տոկոսով ավելացել է խոզի մսի, 1.6-ով՝ շաքարավազի գինը։

Չնայած այս վիճակագրությանը՝ քաղաքացիներն էժանացումների դրական ազդեցությունն իրենց վրա առայժմ չեն զգում, ասում են՝ դրանք չնչին են համատարած գնաճից հետո. - «Ընդհանրապես թանկ է, շատ թանկ է, անցյալ տարվա համեմատ՝ էլի շատ թանկ է»։

«Կյանքը թանկացել է», - ասում է մեկ այլ քաղաքացի։

Մյուսները ևս նշում են՝ էժանացում չեն նկատել։

Պարենի միջազգային գները նույնպես վերջին ամիսներին նվազում են, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն արձանագրում է՝ գներն ավելի քան 22 տոկոսով նվազել են 2022-ի մարտի համեմատ, հենց այդ ժամանակ աշխարհում պարենային ապրանքների գնաճի երբևէ ամենաբարձր մակարդակն էր արձանագրվել։

Որքանո՞վ են համեմատելի Հայաստանի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները միջազգայինի հետ։

Այսպես. ձեթն այստեղ մեկ ամսում էժանացել է 4.1 տոկոսով, աշխարհում բուսական յուղի գները նվազել են շուրջ 10 տոկոսով, ցորենը Հայաստանում՝ 2.8, աշխարհում՝ 3.5 տոկոսով։ Մայիսին կաթնամթերքը հայկական խանութներում էժանացել է 1, աշխարհում՝ գրեթե 4 տոկոսով։

Եթե էժանացած ապրանքների դեպքում նվազման տեմպը Հայաստանում ավելի դանդաղ է, ապա թանկացածների դեպքում հակառակ պատկերն է։ Շաքարավազի ու մսի գներն այստեղ ավելի ցածր տոկոսներով են ավելացել, քան միջազգային շուկայում։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ եթե անգամ Հայաստանում կատարյալ մրցակցային պայմաններ լինեին, բեռնափոխադրումների խնդիրներն էլ բացակայեին, տեղական շուկան չէր կարող նույն համամասնությամբ արձագանքել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, այս տարբերությունները սովորական են։

«Այս պրոցեսը պետք է դիտարկել 2022-ի կեսերից սկսած գնաճի դանդաղման համատեքստում ու նաև փոխարժեքի արժևորման ազդեցությունների, միջազգային շուկայում ապրանքահումքային գների նվազման և բանջարեղենի ու մրգի գյուղատնտեսության սեզոնի հետ կապված գնային տատանումների համատեքստում», - ասաց նա, - «Մեր ներմուժողները չեն կարող դրան անմիջապես արձագանքել, ու իրենք էլ գները նվազեցնել, որքան էլ որ այդ ապրանքի շուկայում մրցակցային իրավիճակ լինի, ու այդ մրցակցությունը ճնշում գործի դեպի ներքև, որովհետև անմիջապես այդ խմբաքանակի վաճառման խնդիր կա, դրա ժամանակի խնդիր կա, այսինքն՝ անմիջապես չեն կարող իջեցնել ու այդ գնով վաճառել, որովհետև երբ որ հետ ճշգրտվի գինը, իրենք վնասներ կկրեն։ Այդ առումով միշտ պետք է մանրածախ շուկայում գների տատանումներն ավելի սահմանափակ լինեն ու չափավոր, քան միջազգային շուկաներում գների տատանումները»։

Չնայած նվազման միտումներին՝ տնտեսագետը շեշտում է՝ առայժմ վաղ է ասել, որ գնաճը հաղթահարված է, ծառայությունների ոլորտում թանկացումները շարունակվում են, ռիսկեր դեռ կան. - «Գնաճային ճնշումները, այնուամենայնիվ, պահանջարկի վրա պահպանվում են, և կարծում եմ՝ դա է հենց այն հիմնավորումը, որը Կենտրոնական բանկին նաև ստիպում է չշտապել իր քաղաքականությունը մեղմացնելու առումով»։

Գնաճը վերահսկող կառույցի՝ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ գների նվազման այս միտումն առաջիկայում կշարունակվի։ ԿԲ-ն նույնպես չի շտապում հայտարարել, թե ռուս-ուկրաինական պատերազմից հետո սկսված կտրուկ գնաճի շրջանն ավարտված է։

XS
SM
MD
LG