Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ չէր օտարերկրացիների մեծ ներհոսքին. գործարար


Ռուսաստանցիները ժամանում են Հայաստան, հոկտեմբեր, 2022թ.
Ռուսաստանցիները ժամանում են Հայաստան, հոկտեմբեր, 2022թ.

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Հայաստան եկած ավելի քան 780 հազար ռուսաստանցիների ընդամենը 5-6 տոկոսն է հաստատվել այստեղ, մյուսներն, ըստ պաշտոնական վիճակագրության, արդեն հեռացել են։

Երեք տարի առաջ Գերմանիայից վերադարձած ու Դեբետ գյուղում հյուրատուն հիմնած Տաթևիկ Աղաբաբյանն ասում է՝ անցած 11 ամիսներին բազմաթիվ օտարերկրացիների է ընդունել իր հարկի տակ ու համոզվել՝ Հայաստանը պատրաստ չէր այս մեծ ներհոսքին։ Նա շեշտում է հատկապես մայրաքաղաքից դուրս համայնքների անբարեկարգ ավտոճանապարհները, նախադպրոցական կրթության սահմանափակ հնարավորությունները, քայքայված բնակֆոնդը, բանկային ու հարկային ոչ-ճկուն համակարգը։

«Մենք ոչ մի ձև պատրաստ չենք էդ մարդկանց մրցունակ տարբերակ առաջարկելու ուրիշ երկրների նկատմամբ՝ սկսած մեր համայնքների ճանապարհների որակից, վերջացրած նաև՝ որ արտասահմանցիները, չգիտեմ՝ Երևանում ինչպես, բայց հաստատ համայնքներում խնդիրներ ունեն տեղական կառավարման մարմինների հետ շփվելու, իրենց առօրյա խնդիրները լուծելու», - ասաց գործարարը:

Տաթևիկ Աղաբաբյանի դիտարկմամբ՝ իր հյուրատանը եղած ռուսները մեծամասամբ հարևան երկրներ են տեղափոխվել, նաև՝ Եվրոպա, ընդհուպ մինչև Արգենտինա ու Վիետնամ։

«Իրենք Հայաստանը որպես վերջնակետ իրենց համար չեն համարում։ Ու դա կարևոր գիտելիք է, որ մենք պետք է հաշվի առնենք: Եվ եթե մենք միայն ժամանակավոր կայան ենք էդ մարդկանց համար, ապա արժի՞, որ մենք մեր էկոնոմիկան և մեր ժողովրդին սելջարդ անենք իրենց համար։ Մեծ հարց», - ընդգծեց Աղաբաբյանը:

Գործարար Տաթևիկ Աղաբաբյան, արխիվ
Գործարար Տաթևիկ Աղաբաբյան, արխիվ

Օտարերկրացիների մեծ հոսքից հետո Հայաստանում զգալի գնաճ եղավ, դրամն էլ դոլարի ու եվրոյի համեմատ արժևորվեց։ Այս ամենի հետևանքով լուրջ վնասներ կրած գործարարն ասում է՝ սրանից հետևություններ պիտի անենք՝ Հայաստանի տնտեսությանն ու բնակչությանը որքանով է օգուտ տվել այս ներհոսքն ու որքան զրկանքներ են կրել տեղացիները։

«Համապատասխան մարմինները, որ պետք է օրենսդիր հիմքեր ստեղծեն, որ մեր բնակիչը վերջիվերջո, նաև՝ սոցիալական թույլ շերտերը, մի փոքր էսպիսի էֆեկտների դեմ պաշտպանված լինեն։ Բազում մարդիկ կան, որ իրենց վարձու տներից դուրս են հանվել ու ժամանակավոր եկամտի համար ավելի եկամտաբեր առաջարկների զոհ են դարձել», - ասաց Տաթևիկ Աղաբաբյանը:

Երևանից դուրս՝ Վանաձորի փողոցներում հաճախակի կհանդիպես ռուսախոսների, որոնք հարմարվել են թեկուզ համեստ, բայց իրենց համար գրավիչ պայմաններին։ Ասում են՝ շատ ծանոթներ գնացել են Հայաստանից, բայց իրենք սիրել են Վանաձորը։ Այստեղ անվտանգ է, բնությունը գեղեցիկ է, օդը՝ մաքուր, Երևանի համեմատ էլ՝ գները հարմար։

«Երբ տեսանք քաղաքը՝ շրջապատված լեռներով, մենք ուղղակի սիրահարվեցինք ու որոշեցինք գալ այստեղ: Չգիտեինք՝ ինչպես կլինի։ Մենք կարդացել էինք Հայաստանի մասին, պատրաստվել էինք, բայց չէինք սպասում, որ այսքան լավ մարդկանց կհանդիպենք այստեղ։ Մեզ համար շատ կարևոր է, որ այստեղ անվտանգ է։ Սնունդը համեղ է, շատ համեղ է, շշմեցուցիչ բնություն ու ջուր կա։ Բայց Հայաստանի գլխավոր արժեքը մարդիկ են: Դա ճշմարիտ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

«Ռուսաստանի հետ տարբերությունը ջեռուցումն է։ Շատ անսովոր է՝ տանը պետք է տաք հագնվես։ Տաք գիշերազգեստներ են գնում։ Իսկ ընդհանուր առմամբ արևոտ է: Այնտեղ շատ գորշ է, տխուր, այստեղ՝ տաք և ուրախ», - ասաց մեկ այլ կին:

Վանաձորում հաստատված ռուս երիտասարդը, որ չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, ասաց՝ մոտ մեկ տարի առաջ կնոջ հետ հարսանեկան ճամփորդության էին դուրս եկել։ Այդ ընթացքում սկսվել է պատերազմը, ու նախընտրել են չվերադառնալ Ռուսաստան։ Իր խոսքով՝ տարբեր երկրներում է եղել, նաև՝ հարևան Վրաստանում, բայց Հայաստանը դուր է եկել, հատկապես՝ Լոռու մարզը։ Համոզված է՝ «այստեղ զարգանալու հնարավորությունները շատ են, մարդիկ լավն են»։

«Ես շատ եմ ճամփորդել, ու Հայաստանն առայժմ իմ նախընտրած երկիրն է, որտեղ կցանկանամ մնալ։ Իհարկե, դեռ կասկածներ կան քաղաքական իրադրությունների հետ կապված՝ ղարաբաղյան կոնֆլիկտի հնարավոր թեժացումներով պայմանավորված։ Լաչինի միջանցքն արդեն 26 օր փակ է։ Այսինքն, ես պատերազմից եմ փախել, իսկ պատերազմն ասես սողում է իմ հետևից: Իսկ ընդհանուր առմամբ այստեղ հրաշալի է, կուզենայի մնալ», - ասաց երիտասարդը:

Մեկ տարի առաջ տեղափոխված ռուսաստանցին նշում է՝ Հայաստանում ենթակառուցվածքները զարգացած չեն, բայց միաժամանակ, ըստ նրա, այստեղ կան բաներ, որոնք չես գտնի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ անգամ Եվրոպայում։ «Ու հանուն դրա արժե այստեղ գալ», - ասում է «Ազատության» զրուցակիցը, որ Վանաձորի սրճարաններից մեկում է գործ գտել ու հարմարվել։

«Ազատության զգացողություն կա այստեղ, ու լիքը բան արված չէ, որ կարելի է անել։ Եթե դու հայտնվում ես Հելսինկիում կամ Փարիզում, այնտեղ արդեն ամեն ինչ արված է մինչև քեզ։ Իսկ այստեղ, եթե փող ունենաս, օրինակ՝ իմ շատ ընկերներ, որ էթնիկ հայեր են ու արտասահմանում են փող աշխատում, վերադառնում են Հայաստան՝ այստեղ ներդրում անելու: Դա զարգացող երկրից զարգացած երկիր դառնալու լավ հեռանկար է», - նշեց երիտասարդը:

Թե դեռ որքան ներգաղթյալներ կգան Հայաստան, նրանցից որքանը կմնան այստեղ կամ կշրջանցեն երկիրը, հայտնի չէ, բայց բազմաթիվ օտարերկրացիների հետ անցած ամիսներին առնչված գործարար Տաթևիկ Աղաբաբյանն ասում է՝ սա լավ առիթ է կառավարության համար՝ որպես թվերն իրար վրա դնելու ու հետևություններ անելու «տնային աշխատանք»։

«Էդ ամեն ինչը պետք է մի հատ երևի թե սպիտակ թղթի վրա սյուն առ սյուն գրվի, տակը գիծ քաշվի, տեսնվի՝ ինչքանով ենք մենք հարմարավետ և գրավիչ, եթե ուզում ենք, իհարկե, էդ շերտը, ասենք, հա, մեզ մոտ բնակվի, կյանք հաստատի ու դառնա հարկատու», - շեշտեց գործարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG