Մատչելիության հղումներ

Երևանի կոնյակի գործարանը դադարեցնում է արտահանումը ՌԴ. ըստ մասնագետի՝ սա ծանր հարված է խաղողագործների համար


Էլ ավելի բարդ տարի խաղողագործների համար. 2022-ի մթերման լուրջ խնդիրներից հետո ոլորտը ևս մեկ փաստի առաջ է կանգնել։ Երևանի կոնյակի գործարանը դադարեցնում է արտահանումը Ռուսաստան։ Հայկական կոնյակի գերակշռիռ մասը՝ շուրջ 80 տոկոսը հենց Ռուսաստանում է իրացվում։

Նորությունը երեկ Ազգային ժողովում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոստովանելով, որ դրա անմիջական բացասական հետևանքները զգալու են գյուղացիները։

«Պետք է տեսնենք՝ ինչ իրավիճակ կլինի։ Պետք է ընդհանուր առմամբ տեսնենք՝ ինչպիսին է միջավայրը, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում, և գիտեք, որ կառավարությունը կարողանում է որքան հնարավոր է արագ արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին։ Չեմ ասի իդեալական և լավագույն ձևով, բայց նաև անցնցում», - ասաց նախարարը։

Վահան Քերոբյանը, սակայն, կառավարության ձեռնարկելիք որևէ կոնկրետ քայլից չխոսեց։

Ռուսաստան արտահանման դադարեցումը հայկական կողմի նախաձեռնությունը չէ։ Երևանի կոնյակի գործարանը դեռ 98 թվականից ֆրանսիական հայտնի «Պեռնո Ռիկար»-ի մաս է կազմում։ Աշխարհի տարբեր երկրների ալկոհոլային բազմաթիվ հայտնի բրենդներ ներկայացնող «Պեռնո Ռիկարը» Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների շրջանակում է նման որոշում կայացրել։

Անցած շաբաթ ընկերությունը հայտնել է՝ իր միջազգային բոլոր բրենդների արտահանումը Ռուսաստան ապրիլին ամբողջությամբ դադարեցվել է։ «Պեռնո Ռիկարն» ընդգծում է՝ այժմ պետք է հասկանան, թե ինչպես են գործարանները հարմարվելու այս որոշմանը։

«Պատերազմի բռնկումից ի վեր մեր հիմնական սկզբունքը եղել է մեր աշխատակիցների բարեկեցությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և մենք կշարունակենք աջակցել մեր տեղական աշխատակիցներին այս գործընթացում», - ասված է հայտարարության մեջ։

Երևանի կոնյակի գործարանը պաշտոնական մեկնաբանություն առայժմ չի տվել։ «Ազատության» զանգերին էլ չեն պատասխանում։ Այդուհանդերձ, գործարանի անանուն մի աղբյուր ռուսական ՏԱՍՍ-ին ասել է, թե շարունակում են փոխադրումները Ռուսաստան և կատարում են միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունները։

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի գնահատմամբ՝ այս գործարանը խաղողի ամենաբարեխիղճ գնորդներից է։ Մթերվող խաղողի մեկ երրորդը հենց իրենք են գնում, նկատում է նա։

«Ամբողջ ռեալ խաղողի գնորդը մեկ երրորդի չափով «Պեռնո Ռիկարն» էր, հիմա մեր շուկայում կլինեն շատ լուրջ լարումներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Հարությունյանն արդեն կանխատեսում է, որ տարին շատ ծանր կլինի խաղողագործների համար։ Ըստ նրա՝ գործադիրն այժմ այլընտրանքային տարբերակներ պետք է մտածի. - «Օրինակ՝ Եվրոպայում երբ շատ խաղող է լինում, որպեսզի գինիների և կոնյակների ու թունդ խմիչքների արժեքը, գինը չիջնի, և խաղողի գինը չիջնի, կառավարությունը գնում է այդ ամբողջ ավելորդ բերքը, այսինքն՝ սուբսիդավորում է, որ համապատասխան կառույցը դա գնի, և դրանից ինքը սպիրտ է պատրաստում, որը խառնում են բենզինին»։

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է։ 2022-ին վճարած 5.9 միլիարդ դրամով 39-րդն է այդ ցանկում։

Ավագ Հարությունյանն ասում է՝ չնայած այս որոշմանը՝ առայժմ պարզ չէ՝ հնարավոր կլինի արդյոք, օրինակ, այլ ընկերություններով՝ միջնորդավորված հայկական կոնյակը ռուսական խանութներ հասցնել, կհամարվի՞ դա պատժամիջոցների շրջանցում, թե՞ ոչ։ Այս հարցերը դեռ պետք է պարզաբանվեն. - «Լիքը հարցեր կան, որոնք որ, ինչքան ես տեղյակ եմ, եկող շաբաթվա մեջ լրիվ պատասխանները կտրվեն»։

Ոլորտը կարգավորող Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանումներ այսօր չտվեցին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG