Մատչելիության հղումներ

Մոլդովայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը


Մոլդովայում, պատերազմող Ուկրաինայի հարևանությամբ, մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին բացի Ռուսաստանից ու Բելառուսից, մասնակցում են եվրոպական երկրների չորս տասնյակից ավելի առաջնորդներ։

Գագաթնաժողովի շրջանակում պլանավորած է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Եվրոպական խորհրդի առաջնորդների հնգակողմ հանդիպում՝ քննարկելու հայ-ադրբեջանական կարգավորումը։

Հայաստանի կառավարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ, նախնական տվյաներով, հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 16:30-ին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ժամանելով Քիշնև, ասել է, որ այսօր կարևոր հանդիպում է անցկացվելու՝ հիշեցնելով, որ երկու շաբաթ առաջ Բրյուսելում հանդիպել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին։

«Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, և ես հուսով եմ այսօր ևս մեկ հնարավորություն կլինի՝ հաստատելու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը», - ասել է Շառլ Միշելը։

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը անցկացվել էր անցած տարի հոկտեմբերին Պրահայում, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի առաջնորդների հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը համաձայնել էին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի ԱՊՀ հռչակագրի համաձայն։

Պրահայում առաջին անգամ տեղի ուենցավ նաև Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։

Մոլդովայում մեկնարկած երկրորդ գագաթնաժողովում Պրահայի հանդիպման ձևաչափին միանում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Եվրոպական երկրորդ համաժողովն անցկացվում է Քիշնևից 35 կիլոմետր արևելք ընկած Բուլբոակա բնակավայում, որը մոտ է գտնվում Մերձդնեստրի հետ վարչական սահմանին։

Այստեղ են ժամանել նաև Եվրոպայում պատերազմ, հակամարտություններ, տարաձայություններ ունեցող երկրների ղեկավարները՝ Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Կոսովոյի, Սերբիայի առաջնորդները։

Վլադիմիր Զելենսկին գագաթնաժողովի «կլոր սեղանի» հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը փորձում է սառեցված պատերազմներ վարել հարևանների տարածքում, եթե չի հաջողվում նրանց կուլ տալ ամբողջովին։

«Օրինակ, ինչո՞ւ է ռուսական զորախումբը մինչև հիմա Մերձդնեստրում։ Կրեմլին դա անհրաժեշտ է, որպեսզի մի օր ապասառեցնի Մոլդովայի վրա հարձակումը։ Մինչև ե՞րբ է սա հանդուրժելու Եվրոպան։ Այս հարցն արդեն ավելի քան 30 տարվա հնություն ունի և արժե պատասխանել։ Մեր մայրցամաքում սառեցված, կամ թեժ պատերազմներ չպտեք է լինեն»,- ասել է Զելենսկին, որի երկրի դեմ Ռուսաստանը ավելի քան 15 ամիս դաժան պատերազմ է վարում։

Անցած գիշերը ռուսական ուժերի կողմից Կիևը հերթական անգամ հրթիռակոծելու հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։

Զելենսկին ասել է, որ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հստակ որոշումներ են անհրաժեշտ։

Գագաթնաժողովի մեկնարկին Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեպ Բորելը ասել է, որ Մոլդովան հստակ ճանապարհ ունի Եվրամիությանը անդամակցելու համար և ինտեգրման ճանապարհն անցնելու համար պետք է աշխատի բարեփոխումների վրա։

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի աջակցությունը վայելող Մերձդնեստրը արդյո՞ք խոչնդոտ չէ Մոլդովայի անդամակցությանը, Ժոզոպ Բորելն է ասել, որ Մոլդովայի ուղին անկախ է Մերձդնեստրից։

Նա նշել է, որ Կիպրոսը, չնայած տարածքային վեճին, Եվրամիության անդամ դարձավ։ «Մոլդովան կարող է նույնն անել»,- ընդգծել է նա։

Անցած տարի Բրյուսելը Ուկրաինային և Մոլդովային Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրներ ճանաչեց։

Վրաստանի մասին Ժոզեպ Բորելն ասել է, որ Վրաստանը եվրոպական հեռանկար ունի, պետք է շարունակի բարեփոխումները և քաղաքական կայունություն կառուցի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG