Մատչելիության հղումներ

Երևանը կոչ է անում Վաշինգտոնին համարժեք արձագանքել հայտարարություններին


Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարությանը։

Մեթյու Միլլերը, մասնավորապես, ասել է, որ ԱՄՆ բարձր է գնահատում վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և ողջունել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին հայտարարությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, համարժեք արձագանքել այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները։

«Մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

Բրյուսելյան բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հստակեցնելով՝ դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Մոսկովյան բանակցություններից մի քանի օր անց, սակայն, Ադրբեջանի նախագահը Լաչին կատարած այցի ընթացքում սպառնալից հայտարարություններ արեց. մասնավորապես, պնդեց, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի իրենց մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա»։ Հայաստանը «չպետք է մոռանա, որ Լաչինից երևում են Հայաստանի գյուղերը»։

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», - հայտարարել է Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG