Մատչելիության հղումներ

Այսօրվա բանակցությունները շատ ծանր են լինելու Իլհամ Ալիևի համար. Արամ Սարգսյան


«Ազատության» տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։

«Ազատություն». - Մոսկովյան հանդիպումից հետո կարծես ավելի հստակեցվեց, որ խաղաղության պայմանագիրը կարծես Արևմուտքի միջնորդությամբ է կնքվելու։ Բայց արդյո՞ք սա չի նշանակում վերջնական հրաժարվել Արցախից։

Սարգսյան. - «Բացարձակապես ոչ։ Եվ դրա հիմնական արգումենտը և ապացույցը նա է, որ Արևմուտքը բազմաթիվ էս կարգի խնդիրներ է լուծել, որոնք դրական արդյունք են տվել։ Սկսած Կոսովոյի տարբերակից, Կիպրոսի տարբերակից։ Իսկ Ռուսաստանի լուծած տարբերակները դրանք Օսեթիան է, Աբխազիան է, Դոնբասն է, Լուգանսկն է, և էս տարբերակները միշտ հղի են պատերազմով։ Հետևաբար, եթե մենք գնում ենք խնդրի լուծման, մենք պիտի գնանք ժողովրդավարության տարբերակով, ժողովրդավար աշխարհի մոդելով, որովհետև մնացած մոդելների պարագայում մենք նախ էդ հնարավորությունը չունենք էսօր ռազմական առումով ստատուս քվոն պահելու։ Երկրորդ, մնացած մոդելների առումով նաև աջակիցներ չունենք։ Որովհետև մեր աջակիցը, մեր գործընկերը էսօր ակնհայտ իր շահերը համընկնում է Ադրբեջանի հետ և ինքը խաղում է էդ դաշտում։ Եվ ես կարծում եմ, որ էսօր Քիշնևում տեղի ունեցող հանդիպումները շատ ծանր են լինելու Իլհամ Ալիևի համար, և իր վերջին Լաչինում հայտարարությունները, դրանից առաջ պահվածքը մինչև էս հանդիպումը կա'մ էս հանդիպումը վիժեցնելու նպատակ ուներ, կա'մ էս հանդիպմանը պատերազմով վախեցնելու մեթոդով փորձելու բանակցողներից ավելի շատ իրեն բարենպաստ պայմաններ կորզել։ Բայց դրա հնարավորությունը չկա, որովհետև Հայաստանը համաձայնել է և հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը չի ասել, որ ինքը ճանաչում է 29 հազար 800 քառակուսի մետրով։ Այսինքն՝ Ադրբեջանին ասելու են էդ թիվը դու էլ բարձրաձայնի, ընդունում ես թե չէ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ասաց, որ էդ լաչինյան հայտարարություններից հետո Եվրամիությունը և Արևմուտքը պիտի փորձեն Ալիևից ճշտել՝ արդյո՞ք ինքը մնացել է վաշինգտոնյան և բրյուսելյան պայմանավորվածությունների մեջ, թե՞ չէ։ Եվ կարծում եմ, որ էստեղ ինքը լուրջ պրոբլեմ ունի։

«Ազատություն». - Բայց հակառակ Ձեր լավատեսությանը, Վաշինգտոնը երեկ նույնիսկ ողջունեց Ալիևի խոսքերը, թե Արցախի նկատմամբ համաներում կարող է լինել, այդպիսի շանս տալ։ Եվ գիտեք, Երևանն ու Ստեփանակերտը քննադատել են այդ հայտարարությունը։

Սարգսյան. - Միացյալ Նահանգների մակարդակի մամուլի խոսնակները, որոնք աշխարհի բոլոր երկրների մասով պիտի տեսակետ ասեն մամուլի ասուլիսի ժամանակ, մի դրույթ ունեն իրենց մոտ, որ էն տեղերում, որտեղ վեճ կա ու առաջիկայում բանակցություն կա, պահել մաքսիմալ հավասարություն, լոյալություն։ Էդ մաքսիմալության շրջանակում, կարծում եմ, որ հստակ վրիպում է եղել էդ մոտեցումը։ Կարծում եմ, որ էդ մոտեցման համար ճիշտ են արել Հայաստանի ԱԳՆ-ն և Լեռնային Ղարաբաղը, որ արագ արձագանքել են։ Իմ համար փաստը Միացյալ Նահանգների հետևյալն է. վաշինգտոնյան բանակցություններում Վաշինգտոնը շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և նրանց իրավունքների խնդիրը առաջնային է։ Ինչը նշանակում է՝ նախ պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգության, նրանց իրավունքների խնդիրը, որովհետև մնացած երևույթները էս տարածաշրջանում դրա հետևանք են։ Հետո նոր հետևանքները՝ ճանապարհներ, ապաշրջափակում և այլն, և այլն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG