Մատչելիության հղումներ

Քաղաքագետն «անհասկանալի սադրանք» է որակում «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի երեկվա հայտարարությունը


Հետաքրքրկական է, որ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը շարունակում է օգտագործել «Զանգեզուրյան միջանցք» տերմինը, ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին հյուրի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որ իր ելույթում օգտագործեց Ալիևը, երեկ բանավեճի առարկա դարձավ հենց նիստի ընթացքում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելու, որ այդ կերպ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ներկայացնում: Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ տարածքայի նկրտումներ Հայաստանի նկատմամբ չունեն:

Տիգրան Գրիգորյանն ասում է՝ Ալիևի հայտարարությունն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, իր վրա անհասկանալի սադրանքի տպավորություն թողեց:

«Բրյուսելյան հանդիպումից հետո, երբ փաստացիորեն արձանագրվեց, որ կողմերը մոտ են երկթագծի վերագործարկմանը, Ադբեջանի նախագահը շարունակում է օգտագործել իր նախկինում օգտագործած տերմինաբանությունը, մասնավորապես «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Կարծես թե որոշ ժամանակահատված նա խուսափում էր նմանատիպ տերմինաբանության օգտագործումից, հիշում ենք նաև, որ նախկինում հայտարարել էր այն մասին, որ ինքն է հորինել այդ եզրույթը, և նմանատիպ հանդիպման ընթացքում այդ եզրույթի օգտագործումն, իհարկե, կասկածներ են հարուցում, թե արդյոք Ադրբեջանը հետաքրքրված է փոխադարձության և սուվերենության սկզբունքների հիման վրա գնալ կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ շատ լավ նաև հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի համար սա, կարծես թե, կարմիր գիծ է, որ նա ամեն անգամ բավականին զգայուն արձագանք է ցուցաբերում այդ եզրույթը, մասնավորապես, լսելիս։ Ինչ-որ անհասկանալի սադրանքի տպավորություն թողեց Ալիևի այդ հայտարարությունը», - «Ազատությանն» ասաց քաղաքագետը։

Միջանցքի մասին խոսելիս, ըստ Գրիգորյանի, բոլորը փորձում են իրենց ձեռնտու իմաստ դնել այդ բառի մեջ:

«Իրենց համար ցանկալի ձևով ներկայացնել, թեկուզ ներքին լսարանին։ Այս փուլում ինչքանով կարող ենք հասկանալ առկա սուղ ինֆորմացիայով, կարծես թե այնուամենայնիվ արտատարածքային միջանցք չի քննարկվում բանակցությունների սեղանին։ Հիշում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում հայտարարել էր, որ «հայկական կողմի ու ռուսական կողմի պատկերացումները կարծես թե համընկնում են ապաշրջափակման գործընթացի հարցում»։ Այս պարագայում ավելի շատ երևի ինչ-որ մանիպուլյացիաների հետ գործ ունենք, քան իրավական բանակցային օրակարգի, կամ էլ, ինչպես արդեն նշեցի, Ալիևը պարզապես փորձում է խուսափել այդ արդեն իսկ ակնկալվելիք պայմանավորվածության հասնելուց։ Չպետք է մոռանալ, որ այս հանդիպումից գլխավոր ակնկալիքն այն է, որ այնուամենայնիվ երկաթգծի վերագործարկման վերաբերյալ ինչ-որ հստակ պայմանավորվածություն կլինի արդեն», - ասաց քաղաքագետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG