Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև բանավեճ՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում


Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի այսօրվա ընդլայնված նիստն ավարտվեց Հայաստանի վարչապետի և հրավիրյալի կարգավիճակով դրան մասնակցող Ադրբեջանի նախագահի բանավեճով։ Այն սկիզբ առավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն, ընդհատելով Ռուսաստանի նախագահի ամփոփիչ ճառը, որոշեց պատասխանել Իլհամ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման օգտագործմանը՝ նշելով, թե դրանով Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։

«Ցանկանում եմ ընդգծել, որ [եռակողմ] հայտարարության մեջ միայն մեկ միջանցքի մասին է խոսվում, դա Լաչինի միջանցնքն է, որը պետք է գտնվեր ռուսաստանցի խաղաղապահների հոսկողության տակ, սակայն, ցավոք սրտի, անօրինականորեն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Մյուս կողմից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, դա մենք անվանում ենք հայկական խաչմերուկ, և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության և օրենքների համաձայն», - նշեց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունն Ալիևն անպատասխան չթողեց. - «Ես, իհարկե, չեմ ցանկանում բանավեճ սկսել, բայց քանի որ այստեղ մեղադրանք հնչեց, թե մենք տարածքային պահանջներ ունենք Հայաստանից, ես պետք է նշեմ՝ նման նկրտումներ մենք չունենք։ Պետք է շատ մեծ ջանք գործադրել և շատ վառ երևակայություն ունենալ, որպեսզի իմ խոսքերում տարածքային պահանջներ տեսնել։ Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որը ես օգտագործում էի, նույն բառը ես օգտագործում եմ նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասին խոսելիս։ Միջանցք բառը որևէ մեկի տարածքի հանդեպ ոտնձգություն չի հանդիսանում»։

Փաշինյան-Ալիև մոտ տասը րոպե տևած բանավեճը, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը պնդում էր, թե Բաքուն Լաչինի միջանցքը ոչ թե արգելափակել է, այլ այլ անցակետ է տեղադրել, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդգծում էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, ավարտվեց Ռուսաստանի նախագահի միջամտությունից հետո։

«Միջանցք, ճանապարհ՝ այդ ամենը կարևոր է, և այստեղ որոշակի հակասություններ կան։ Սակայն, շատ ավելի կարևոր է այն, ինչի մասին քիչ առաջ խոսեցին թե՛ Ադրբեջանի նախագահը և թե՛ Հայաստանի վարչապետը, որ սկզբունքային հարցի՝ տարածքային ամբողջականության խնդրի շուրջ պայմանավորվածություն կա՝ նույնպես սկզբունքային բնույթի», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը։

Ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցություններին, ապա դրանք մեկնարկելու են այսօր ուշ երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 21-ի սահմաններում։

XS
SM
MD
LG