Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ»․ «Այսօր Մոսկվայում առնվազն երկու եռակողմ փաստաթղթերի ստորագրում է նախատեսվում»


Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները Սոչիում, 31-ը հոկտեմբերի, 2022թ.
Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները Սոչիում, 31-ը հոկտեմբերի, 2022թ.

«Մոսկվայում ակնկալում են, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ այսօր կայանալիք բանակցությունների արդյունքում առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ կստորագրվի», - դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով գրում է մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ փաստաթղթերից մեկը Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր թվով հինգերորդ եռակողմ հայտարարությունն է լինելու, երկրորդ փաստաթուղթն էլ վերաբերելու է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։

«Մայիսի 23-ին Մոսկվայում հավաքվել էր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի, Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը մեռյալ կետից շարժելու հերթական փորձը ձեռնարկեց», - գրում է «Կոմերսանտ»-ը՝ ընդգծելով. - «Բաքվի համար երկրի [երկու հատվածներն] այսպես ասած «միմյանց կարելը» և իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ամուր լոգիստիկ կապ ստեղծելը սկզբունքային նշանակություն ունի»։

«Կոմերսանտ»-ը տեղեկացնում է, որ վերջին երկու օրերին հայկական, ռուսական և ադրբեջանական պատվիրակությունները ներգրավված էին ակտիվ բանակցություններում։

«[Ստորագրվելիք փաստաթղթերի] համաձայնեցումը շարունակվում էր մայիսի 24-ին՝ ողջ օրը։ Փաստաթղթերից մեկը, որ վերաբերում էր հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, նախապատրաստում էին փոխվարչապետերը։ Երկրորդ փաստաթուղթը՝ պարոնայք Ալիևի, Փաշինյանի և Պուտինի թվով հինգերորդ համատեղ հայտարարությունը, վերջնական տեսքի էին բերում երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները», - գրում է մոսկովյան պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG