Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի ևս երկու հոդված է հնարավոր եղել համաձայնեցնել. Միրզոյան


Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի ևս երկու հոդված է հնարավոր եղել համաձայնեցնել, այսօր Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես կուզեի ասել, որ Վաշինգտոնում, մասնավորապես, ևս որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել, և կարող եմ առնվազն ասել, որ այդ խոսակցության ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում նաև մեկը մյուսի մտահոգությունը, նաև մտադրությունները և առհասարակ պատկերացումները», - ասաց նա։

Արարատ Միրզոյանը չհստակեցրեց, թե մասնավորապես որ կետերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը եկել համաձայնության։ Մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած քառօրյա բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը միանման հաղորդագրություններով հայտնել էին, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ» ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ», իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներից հետո հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն շոշափելի առաջընթաց են գրանցել։

Այսօր Միրզոյանը հավելեց՝ ևս մի քանի հոդվածի շուրջ կա հավանականություն գալ համաձայնության. - «Այս մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա գալ համաձայնության։ Անշուշտ, կան հոդվածներ, և կան թեմաներ, որտեղ դեռ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, և սրանք հասկանալիորեն այդ հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել»։

Որո՞նք են այն հարցերը որոնցում Երևանի ու Բաքվի տեսակետները խիստ տարբեր են, վերլուծաբանների կարծիքով՝ դրանցից գլխավորը Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ մեխանիզմի ստեղծումն է։

Այսօր Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ ճեպազրույցում Միրզոյանը կրկին շեշտեց՝ Երևանն առանցքային է համարում «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացումը, մարդասիրական խնդիրների լուծումը և միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը», ինչպես նաև պատրաստ է վերաբացել տրանսպորտային ենթակառուցվածքները։

Վերջին՝ մոսկովյան բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձնացրել էր տրանսպորտային հաղորդակցությունների թեման՝ նշելով, որ Երևանն ու Բաքուն մոտ են ապաշրջափակման հարցում վերջնական համաձայնության։ «Ազատությունն» այսօր հետաքրքրվեց Միրզոյանից, թե արդյոք կարելի է որևէ տեղաշարժի սպասել այս հարցում, և ինչ նկատի ուներ Ռուսաստանի արտգործնախարարը։

«Իսկապես, շատերի գնահատմամբ՝ սա այն հարցն է, որտեղ կողմերն ամենամոտն են վերջնական կարգավորման։ Մեր դիրքորոշումը չի փոխվել. բառացիորեն րոպեներ առաջ ես ինքս կրկին մեծ հաշվով բարձրաձայնեցի այդ դիրքորոշումը՝ մենք պատրաստ ենք, և ավելին՝ մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ, և մենք պատկերացնում ենք, իհարկե, որ այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - ասաց նախարարը։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի Հայաստան այցելելուց առաջ փետրվարին Բաքվում է եղել, արդյո՞ք այնտեղ հանդիպումների ընթացքում Ադրբեջանի հետ ավանդաբար ջերմ հարաբերություններ ունեցող Բրիտանիայի նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման անթույլատրելիության մասին, հետաքրքրվեց լրագողներից մեկը։

«Այո, իհարկե, ես ուղիղ խոսել եմ իմ ադրբեջանցի զրուցակիցների հետ իմ այցի ընթացքում, ինչն այդ այցի կարևոր մասն էր, մենք հորդորել ենք Լաչինի միջանցքի վերաբացում մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժի հնարավորությամբ։ Մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ մեզ համար հավասարապես կարևոր են։ Մենք միշտ հստակ արտահայտվել ենք, որ ցանկանում ենք տեսնել հակամարտության լուծում ու կայուն խաղաղություն, և դրան հնարավոր է հասնել սեղանի շուրջ, այդ պատճառով էլ մենք ողջունել ենք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ջանքերն այս հարցում, Լոնդոնն էլ կօգտագործի իր լծակները խրախուսելու այդ գործընթացը», - պատասխանեց նա։

Ի՞նչ երկկողմ օրակարգ ունեն Հայաստանն ու Մեծ Բրիտանիան, ըստ նախարար Միրզոյանի՝ Երևանի ու Լոնդոնի միջև կա ռազմավարական երկխոսություն, և Երևանը կարևորում է այդ երկրի հետ համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասով տարվող աշխատանքները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG