Մատչելիության հղումներ

Փաշինյանի հայտարարությունն ընդունել ենք որպես սարսափելի հարված. Դավիթ Բաբայան


«Ազատությունը» զրույցել է Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի հետ։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ Երևանը պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ եթե Բաքուն էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչի։

Բաբայան. - Արցախում շատ վատ է ընդունվում դա։ Մեղմ ասած՝ շատ վատ։ Եվ իրավիճակը փաստորեն ալեկոծվել է։ Որովհետև մենք սա ընդունում ենք որպես սարսափելի հարված Արցախին, Արցախի պետականությանը, հայ ժողովրդի պետականությանը։ Տեսնենք։ Իսկապես մնացել է մեկ-երկու ստորակետ տեղադրենք, որ ամեն ինչ պարզ լինի, և այդ նախադասությունը՝ փոխաբերական իմաստով նախադասությունը Արցախի ապագայի վերաբերյալ գոնե տեսլականի ձևով, որը կա Երևանում, դե Եվրոպան իր տեսլականը տվել է... Մենք սպասում ենք արդեն վերջնական պատասխանը պաշտոնական Երևանի, հայ ժողովրդի, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի։

«Ազատություն». - Սկզբունքորեն դե՞մ եք, որ կնքվի խաղաղության պայմանագիր՝ հիշատակմամբ, որ արցախահայության իրավունքներն ու անվտանգության հարցը դեռ պետք է քննարկվի, ընդ որում՝ միջազգային մեխանիզմներով։

Բաբայան. - Երբևիցե դեմ չենք խաղաղության պայմանագրի կնքմանը և միշտ էլ դրա մասին ասել ենք։ Ազնիվ ենք եղել, չենք խաղացել, շահարկումներով չենք զբաղվել։ Բայց խաղաղության պայմանագիրը կնքել՝ զոհաբերելով Արցախը, սա խաղաղության պայմանագիր չէ։ Սա լինելու է Հայաստանի մահախոսականը՝ որպես պետություն, և հայ ժողովրդի՝ որպես ժողովուրդ։ Ո՞նց կարող ես խաղաղություն կնքես մեկի հետ միայն խոսքերով, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվելու հետո, և զոհաբերես քո երեխային։ Դա խաղաղության պայմանագի՞ր է...

«Ազատություն». - Իսկ եթե ստեղծվի՞ այդ միջազգային մեխանիզմը։ Ի վերջո եթե Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը հրավիրում են բանակցությունների, ինչ-որ բան առաջարկվո՞ւմ է ենթադրաբար։

Բաբայան. - Միամիտ չլինենք, էլի։ Առավել ևս, արցախահայությանը ապուշի տեղ չդնենք, էլի։ Ի՞նչ միջազգային մեխանիզմների մասին է խոսում, ի՞նչ երաշխիքների... Հարյուր յոթանասուն օր է Արցախը պաշարված է, Միշելը պապանձված է, մի բան չի խոսում դրա մասին։ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացնում, ոչ մեկին պետք էլ չի դա։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այսինքն՝ հայը փաստորեն հրաժարվում է իր հայրենիքի մի հատվածից և փոխարենը ինչ-որ միջազգային երաշխիքներ է ուզում... Հասկանո՞ւմ եք մեզ ինչի տեղ են դնում։ Պարտադիր չէ դրա մասին ասել։ Սրա առաջին երաշխիքը դո'ւ պետք է տաս՝ որպես ժողովուրդ, քո քաղաքացիներին, քո ժողովրդին։ Եթե չես տալիս այդ երաշխիքները, ապա պետություն էլ մի ունեցի։ Թող քո իրավունքները ուրիշը պաշտպանի։ Ի՞նչ երաշխիքներ կարող են լինել Ադրբեջանի կազմում մեզ համար, Սաֆարովների և մնացածների պետության մեջ... Ինչ է, այդ եռակողմ չարաբաստիկ պայմանագիրը միջազգային չէ՞։ Ինչպես տեսնում եք, խախտում են։ Թե՞ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջազգային չէ... թքած ունեն, կներեք։

«Ազատություն». - Նաև միջանցքի այս կես տարվա շրջափակումը ցույց տվեց, որ նաև Ռուսաստանն է այլևս անզոր կամ չի ուզում պաշտպանել արցախահայերին, և պետք են լուծումներ վերահաս աղետից խուսափելու համար։

Բաբայան. - Իհարկե Ռուսաստանի հետ էլ պետք է խոսել։ Բայց ոչ թե ռուսատյաց ձևով... դուք ուզում եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եթե ուզում եք, մենք տեսնենք ինչ ենք անում։ Եթե չեք ուզում, բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել։ Լինի դա Ռուսաստանը՝ որպես երաշխավոր այս պայմանագրի, խաղաղության և կայունության պահպանման այս տարածաշրջանում, լինի դա Ամերիկան՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավոր աշխարհով մեկ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG